Նախ մինչև բուն թեմային անցնելը կցանկանայի որպես նախաբան փոքր-ինչ խոսել Տաջիկստանի և Ադրբեջանի սերտ հարաբերությունների մասին, քանզի դա անմիջական առնչություն ունի այն ամենի հետ, ինչի մասին պետք է խոսենք:

 


Այն որ Ադրբեջանը ամենամտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում միջինասիական հանրապետությունների հետ, դա ոչ մեկի համար գաղտնիք չի կարող հանդիսանալ: Այդ շարքում բացառություն չէ նաև Տաջիկստանի Հանրապետությունը, որի հետ Ադրբեջանն ունի քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակության ամենասերտ առնչություններ: Երկու երկրներում փոխադարձաբար իրենց գործունեությունն են ծավալում դեսպանությունները: Նախագահների մակարդակով հաճախակի բնույթ են կրում փոխայցելությունները: Կարճ ասած փոխգործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Մշակութային մասով էլ պետք է նշել, որ Ադրբեջանի ազգային հպարտություն հանդիսացող «մուղամը» և տաջիկների ազգային երաժշտություն «շամշակը» գրեթե նույն ծագումն ունեն, որը ևս մեկ անգամ փաստում է ընդհանրությունների հարուստ բազա ունենալու մասին:

 

Վերոնշյալի համար վառ ապացույց կարող է հանդիսանալ Ի. Ալիևի խոսքը, որը նա հնչեցրել է պաշտոնական այցով Դուշանբեում գտնվելու ժամանակ. «Ադրբեջանը Տաջիկստանին համարում է եղբայրական պետություն»:
Իսկ ի՞նչ եղավ օրեր առաջ: Ապրիլի 16-ին Պեկինում' Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրեցին հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ ՇՀԿ-ում։
ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարը իր խոսքում կարևորեց Հայաստանի կողմից կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի ստացումը, մասնավորապես ընդգծելով, որ ուրախալի է ՇՀԿ ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։

 


Այստեղ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք քարտուղարի' «Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկիր» արտահայտությանը: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան, քանզի բոլորն էլ գիտեն հայերի մի քանի հազարամյա պատմության մասին, բայց սա լուրջ ու ցավոտ հարված է Ադրբեջանին, որովհետև նրա բարձրագույն ղեկավարությունը արդեն մի քանի տասնամյակ է իր ժողովրդի գիտակցության մեջ փորձում է մտցնել այն թեզը, որ հայերը եկվոր են, և նրանք միայն 3 դար է այստեղ են ապրում և չունեն հարուստ պատմություն: Կարճ ասած, իր ազգի անցած ճանապարհը վերագրում է հայերին, այնինչ հայկական էթնոգենեզը ձևավորվել է Հայկական բարձրավանդակում մի քանի հազար տարի առաջ, որն էլ վկայում են հայկական և արտասահմանյան բազմաթիվ աղբյուրներ:
Այս ամենը կրկնակի ցավոտ է դառնում Ադրբեջանի համար այն առումով, որ այդ կարծիքը հնչեցնողը իր եղբայրական Տաջիկստանի բազմափորձ դիվանագետն է, անկախ Տաջիկստանի առաջին արտգործնախարարը, ՄԱԿ-ում և Չինաստանում նրա բազմամյա դեսպանը, ով Տաջիկստանի քվոտայով այժմ էլ զբաղեցնում է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը:

 


Հույս ունեմ, գոնե իրենց բարեկամ երկրների պաշտոնյաներից Հայաստանի հնագույն պատմությունը փաստող խոսքեր լսելով, Ադրբեջանի հասարակությունը մի օր կգիտակցի եղելությունը և կպահանջի իշխանություններին, «ոտքից գլուխ» վերանայել աղճատված և կեղծիքների վրա հյուսված Ադրբեջանի պատմության դասագրքերն ու պետական մակարդակով տարվող քարոզչությունը կամ գոնե չի հավատա դրանց:

 

 

Հայոց Տուն