Վերադարձ դեպի 1988-ի Պոլիտբյուրո՞... Հիմա բոլորի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը մենք վաղուց արդեն անցել ենք: Արցախյան հիմնահարցի շուրջ ներկայիս զարգացումները կարծես 1988-ի «դեժավյուն» լինեն. նույն ռուսական «արքունիքն» այսօր, իսկ այն ժամանակ Սովետական Միության կոմունիստական կուսակցության քաղաքական ղեկավար մարմինը՝ Պոլիտբյուրոն, Մոսկվայից նորից փորձ է անում իր մեծապետական սկզբունքներով «վճռել» Արցախի խնդիրը, և ինչպես այն ժամանակ էր՝ նորից հավասարության նշան դնելով հայերի ու ադրբեջանցիների միջև:

 


Ինչո՞ւ այդպես եղավ: Մինչև վերջ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. այդպես եղավ, որովհետև անկախության այս 25 տարիների ընթացքում չօգտագործեցինք մեզ ընձեռված բացառիկ պատմական հնարավորությունը՝ իսկապես անկախ ու ինքնիշխան ազգային պետություն կերտելու համար, և որպես դրա արդյունք՝ չկարողացանք դիվանագիտական հաղթանակի վերածել մեր թերևս միակ ռազմական հաղթանակը 1-ին հայկական հանրապետության անկումից ի վեր, ու այժմ էլ ահա նորից կանգնել ենք նույն մոսկովյան «վերադասից» որոշում սպասողի մի վտանգավոր իրավիճակում:

 


Բայց դեռ իհարկե հույս կա, որ այս ամենը բնավ էլ 1988-ի սցենարով չի ընթանալու, և այդ հույսը՝ մեր ներկայիս երիտասարդությունն է: Կրկին մինչև վերջ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. հուսադրողն առաջին հերթին այն է, որ հայաստանյան երիտասարդների մեջ այսօր ի սպառ բացակայում է «ռուսահպատակ» լինելու թերարժեքության բարդույթը, այսինքն այն, ինչ բացարձակ խանգարող հանգամանք դարձավ Սովետական Միություն տեսած սերնդի համար:

 

 

Ռուբեն Շուխյան