Ես մտածում եմ, որ հատուկ դիվանգիատական կրթություն չպետք է ունենալ հասկանալու համար, որ Ադրբեջանին զինելու հարցում չպետք է նույն բարոյական եւ քաղաքական հարթության վրա դիտարկվեն Իսրայելի եւ Ռուսաստանի քայլերը: Իմ կարծիքով շատ մակերասային, կամ դասագրքային գիտելիքներն էլ բավարար են, որպեսզի հեռուստաէկրաններից խելոք դեմքով խոսացող փորձագետները, մամուլի ակումբներից դուրս չեկող քաղաքագետները, թերթերում խելոք մտքեր գրողները հասկանան, որ երբ Ադրբեջանին Իսրայելն է զենք վաճառում՝ դա այլ բան է, եւ բոլորովին այլ բան է, երբ Ադրբեջանին զինում է Ռուսաստանը: Իսրայելի եւ Հայաստանի դիվանագիտական եւ ընդհանրապես միջպետական հարաբերությունները շատ հեռու են բարեկամական լինելուց, ավելին էդ հարաբերությունները կարելի է ասել միշտ սառն են եղել:

 

Հետեւաբար Իսրայելը ոնց ուզի կկառուցի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, ոնց ուզի ինչ ուզի կվաճառի այդ երկրին, դա իր խնդիրն է: Իհարկե, բարոյական եւ մարդակային առումով կարելի է քննադատել Իսրայելին, կարելի է ատել հրեաներին Ադրբեջանին զինելու համար, բայց քաղաքական պահանջ՝ իմ կարծիքով, Հայաստանը չի կարող դնել էդ երկրի առաջ: Իսկ ահա Ռուսաստանը լրիվ այլ թեմա է: Եթե աշխարհում կա մի երկիր, որին պետք է բողոքի նոտա հղել, որից պետք է ինչ որ բան պահանջել, կամ հասկացնել դա առաջին հերթին միայն ու միայն Ռուսաստանն է:

 

Որովհետեւ աշխարհի մոտ 200 երկրից միայն այդ երկրի հետ են Հայաստանի հարաբերությունները կապված տասնյակ ռազմաքաղաքական պայմանագրերով, համաձայնագրերով ու տարբեր միջպետական պարտավորություններով: Հիմա, երբ նույն պահանջն է ներկայացվում եւ Ռուսաստանին եւ Իսրայելին, ապա իմ կարծիքով Ռուսաստանի պատասխանատվության հարցը լղոզելու փորձ է արվում:

 

Մկրտիչ Իսրայելյան