«Նամուս» բառի գործնական կիրառման հրամայականը... Լավ, նորից էլի՞ ազգովի պետք է հայտնվեինք այս հերթական ռուսական կոտրված տաշտակի առջև, որ կրկին անգամ ճաշակեինք «ավագ եղբոր» անփոփոխ ու մեղմ ասաց ոչ բարյացակամ վերաբերմունքը մեր պետականության հանդեպ:
Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերություններում ստեղծվել է մի այնպիսի ստրկական իրավիճակ, որ Հայաստանը, որպես անկախ երկիր, անգամ մի ձևական բողոքի նոտա ի վիճակի չի հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Ադրբեջանին աննախադեպ զինելու և Արցախի դեմ պատերազմ սադրելու հարցով:
Կամ նույն ԵԱՏՄ երկրների ղեկավարների բոյկոտը՝ Երևանում նախատեսված միջպետական նիստին չգալու և այդ դեմարշով փաստացի ագրեսոր Ադրբեջանին իրենց աջակցությունը հայտնելու հարցում: Դրա փոխարեն այսօր մեր երկրի վարչապետը շատ պատրաստակամ մեկնում է Մոսկվա այդ նույն տեղափոխված նիստին մասնակցելու՝ մերժվածի ու խնդրողի կարգավիճակում թակելով այն փակ դուռը, որտեղ քեզ բնավ էլ ոչ ոք չի սպասում:
Բոլորս իհարկե տեղյակ ենք, որ հայերենում առկա է «նամուս» բառը, և հիմա եկել է, կարծում եմ, այդ բառի գործնական կիրառման հրամայականը վերջապես արդեն Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերությունների բնագավառում՝ քանի դեռ ուշ չէ:
Ռուբեն Շուխյան