Ինչպես արդեն գիտենք երեկ' ապրիլի 12-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, լայն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ստեղծված իրադրությանը։
Նախ հանդես եկավ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով իր ելույթում, ինչպես և սպասելի էր, գտնվեց մաքսիմալ չեզոք, քանի որ, եթե ոչ այլ ինչ, ապա միայն նրա պաշտոնն ու դիրքը թույլ չեն տալիս հօգուտ որևէ կողմի հանդես գալ: Սակայն նրա ելույթից կարելի է առանձնացնել ուշագրավ մեկ փաստ: Բարձր հանձնակատարը նշեց, որ բոլորը հասկանում են հիմա, որ ստատուս քվոն կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բռնությունների, այդ կերպ հասկացնելով, որ Եվրամիության տեսանկյունից ապրիլյան այս թեժացման արդյունքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենանախընտրելի սցենարը պետք է փնտրել ստատուս քվոյի կարգավիճակից դուրս: Այսինքն' մեկ բառով ասած, չվերադառնալ այն վիճակին, որը կար մինչ սույն թվականի ապրիլի 2-ը և այդպես շարունակ ձգվում էր երկար-բարակ 22 տարի:
Ապա եղավ ամենահետաքրքիրը, Եվրախորհրդարանի շուրջ 2 տասնյակ պատգամավորներ իրենց հասցեական և թիրախավորված ելույթներով ցնցեցին ամբողջ Եվրոպան և մերկացրեցին Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ քաղաքականությունը: Նրանցից շատերը կոչ արեցին, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը' դա համարելով ստեղծված իրավաճակից դուրս գալու միակ ու հնարավոր ելք, մի մասը կոչ արեց միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, մյուս մասը հորդորեց Ադրբեջանին համաձայնել ներդնելու հրադադարի խախտումների հետաքնությունների մեխանիզմ: Կարճ ասած, Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատությունների այդ ահռելի և ջաջախիչ ալիքը եվրոպական այդ կառույցից սրբեց տարավ ալիևյան Ադրբեջանին' ոչինչ չթողնելով այդ ավտորիտար միավորումից:
Իրենց դիպուկ և գերհայանպաստ դիրքորոշումներով հանդես եկան Չեխիան ներկայացնող եվրապատգամավոր Յարոմիր Շտետինան, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ Մավրիդիս Կոստասը և Էլենի Թեոխարուսը, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրենկ Էնգելը, Մեծ Բրիտանիայից Չարլզ Թեննոքը, Լեհաստանից Մարեք Յուրեքը, Ռումինիայից Բուշոյ Քրիստիան-Սիլվիուն, Իսպանիայից Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը և այլք:
Անկեղծությամբ պետք է նշել, որ այս իրադարձության դերն ու նշանակություն շատ մեծ է, քանզի եվրոպական այդ բարձր ամբիոնի ձայնը ամենուրեք լսելի է: Եվ լսելի լինելուց զատ, այն նաև կարծիք ստեղծող և ուղղորդող ձայն է շատ-շատերի համար: Այս ամենը ավելի ծանրակշիռ և նշանակալի է դառնում այն ժամանակ, երբ շատերը սկսում են գիտակցել, որ այդ պատգամավորները անկեղծ ասել են այն, ինչը իրականում կա և տեղի է ունեցել, քանի որ բոլորը գիտեն, որ Հայաստանը չունի ոչ խավիար, ոչ նավթ, այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարող այդ պատգամավորներին կաշառակերության և սուբյեկտիվ կարծիք արտահայտելու մեջ մեղադրել: Եվ այս հանգամանքը ավելի ազդեցիկ է դարձնում նրանց հայտնած մտքերն ու ներկայացված դեպքերի իսկությունը:
Վերոնշյալին նպաստում է նաև դրան նախորդող մի շարք իրադարձություններ ևս: Խոսքս Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված նույն Եվրախորհրդարանի ընդունած դատապարտող բանաձևն է, Հռոմի պապի կոչն ու Սուրբ պատարագը: Այս ամենը մեծ ազդեցություն են ունենում միջին վիճակագրական եվրոպացու և ինչու չէ նաև Եվրոպայից դուրս բազմաթիվ պետությունների և ժողովուրդների վրա: Եվ բազմաթիվ մարդիկ այդ ամենը լսելուց հետո իրենք իրենց հարցադրում են անում, թե այդ ի՞նչ է թաքնված Թուրքիայի և նրա արյունակից եղբայր Ադրբեջանի տակ, քանզի այդքան դատապարտող ելույթները չեն կարող պատահական լինել, դրանք պարզապես օրինաչափություն են արդեն:
Իհարկե, շատ հաճելի է, որ երեկ եվրապատգամավորները քարը քարի վրա չթողեցին ագրեսոր Ադրբեջանից: Բայց սա հարցի մի կողմն է: Մենք պետք դիտարկենք նաև հարցի մյուս կողմը և մեր երախտիքը հայտնենք այն մարդկանց ու կառույցներին, ովքեր այս կարևոր իրադարձության ակունքներում են կանգնած և դրա նախաձեռնողներից են:
Այս օրերին որոշ մարդիկ ջանք ու եռանդ չխնայեցին Հայաստանի արտգործնախարարին քարկոծելու համար, և նրանցից ոմանք նրան մեղադրում էին նրա մեջ, թե ի՞նչ է անում պատերազմի օրերին Նալբանդյանը Եվրոպայում: Եվրախորհրդարանում տեղի ունեցած այս ամենը ցույց տվեցին, թե ինչ էր անում նա Եվրոպայում: Եվ որոշ ժամանակ անց դեռ կբացահայտվեն, թե այլ ինչեր է նախաձեռնել ՀՀ արտգործնախարարը: Այս մեծ գործում իրենց մեծ ավանդն են ունեցել նաև Եվրամիությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, տեղի հայկական համայնքային կառույցները, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Անշուշտ, դեր ունեցավ նաև Հայաստանի և ԼՂՀ-ի 520 կազմակերպությունների ստորագրահավաքը և համատեղ հայտարարությունը' ուղղված Եվրախորհրդարանին:
Հայոց Տուն