Հիմա էնպիսի բան եմ գրելու, որ շատերին դուր չի գա ու նույնիսկ որոշակի մտքերի համար քննադատության կարժանանամ։
Դեռևս նախորդ դարասկզբից, միգուցե ավելի վաղ, մենք մեր մեջ մի շատ բացասական բնավորության գիծ ենք արմատավորել՝ ուզվորություն, նույնիսկ այնպիսի բաներ, որ մենք իրավունք ունենք պահանջելու, բայց մենք դրանք խնդրում ու աղերսում ենք, մենք սովորել ենք, որ մեզ պետք է օգնեն, շատ ծանր ենք տանում ու աջուձախ մեղադրանքներ բարձրացնում, երբ հանկարծ չենք ստանում այդ սպասված օգնությունը։
Հիմա ամենակարևորի մասին.

 


Կան մազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, որոնք օգնում են մեր զոհված տղերքի ընտանիքներին, իհարկե գովելի է, բայց ցավալի, որ ոչ բոլորին, առավել ցավալին այն է, որ այդ օգնությունների մեծ մասը առաջին ու վերջին անգամ են արվում, իսկ շատ ավելի ցավալի է, երբ նրանց մասին որոշակի ժամանակ անց լիովին մոռանում են, ու անցնում անհոգ ու ցոփ կյանքի, իրենցից գոհ են, որ մի անգամ օգնել են, և իրենց պարտքը վերադարձված է։ Բայց ո՛չ, մենք՝ ապրողներս, մեր գույնզգույն կյանքի համար հենց իրենց ենք պարտական, այդ մենք չենք իրենց ՕԳՆՈՒՄ, այդ իրենք են մեզ ՕԳՆԵԼ, որ մենք ապրենք։ "Օգնություն զոհվածի ընտանիքին"՝ շատ վիրավորական է հնչում, մենք չենք ՕԳՆՈՒՄ, այլ մեր մեծ պարտքի մի չնչին մասն ենք ընդամենը վերադարձնում, մի պարտք, որը անհնար էլ է վերադարձնել։ Եթե ես զոհված լինեի ու իմ ընտանիքին "օգնեին" ես դագաղի մեջ երկրորդ անգամ կմեռնեի։ Չգիտեմ որպես խնդրանք, ասեմ, թե ինչպես, բայց էդ "օգնել" բառը պետք է փոխարինել մեկ այլ բառով։

 


Իսկ պետությունը թող հատուկ ամենամսա միջոցներ հատկացնի բոլոր զոհվածների ընտանիքներին, այնքան ժամանակ, որքան մարդու միջին տարիքն է, ընդ որում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը լինի այնքան, որքանով հնարավոր է ընդունված միջիններով ապրել միջինից բարձր կենսամակարդակով, իսկ եթե մեր պետությունը ուղղակի չունի միջոցներ, ապա թող սամանի նոր հարկատեսակ, եկամտահարկի, սոց հարկի և այլ հարկատեսակների նման, թող հարկվեն անխտիր բոլոր եկամուտ ստացողները՝ չքավոր գյուղացուց ու թոշակառուից մինչև բարձրաստիճան օլիգարխներ, ու հարկի այս տեսակից բոլոր խուսափողները թող նզովվեն ու անիծվեն։ Միայն այդքանից հետո թող ով ցանկանում է ֆինանսապես լրացուցիչ աջակցի, և թող դա խղճահարանքից չլինի, և ինքը շնորհակալ թող լինի, որ պատիվ ունի օգնելու, այլ ոչ թե զոհվածի ընտանիքը։
Դեռևս Արցախյան նախորդ հերոսամարտի զոհվածներից շատերի ընտանիքները ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, նրանց մասին մենք արդեն մոռացել ենք…
Թող ոչ մի զոհված ազատամարտիկի ընտանիք չհասնի այն աստիճանին, որ մեր՝ ապրողներիս օգնությանը սպասի։

 


Ու թող հայրենիքի համար կռիվ գնացող ցանկացած ազատամարտիկ իմանա, որ չվերադառնալու դեպքում ինքը թողնում է իր հետևից լացող, բայց անվտանգ հայրենիքում ապրող մայրեր ու քույրեր, թողնում է անհայր մեծացող երեխաներ ու այրի կին, բայց ոչ սոված, ու ո՛չ խղճահարման ենթակա ու ձեռքը օգնության պարզած հաց մուրացող երեխաներ… Այլ երեխաներ, ովքեր իրենց ամբողջ կյանքում կհպարտանան իրենց հայրերի փառքով ու հայրենասիրությամբ։

 

Հայկ Մարգարյան