1․ «Ռուսաստանը/Ամերիկան/Համաշխարհային հանրությունը և այլ մութ ուժերը չեն թողնի մեզ, որ կռիվը սկսենք»
Եթե Չինաստանն ունի 2 միլիոն բանակ, Հայաստանը էս փուլում ունի 3 միլիոնանոց բանակ՝ ի դեմս իր ազգաբնակչության, որտեղ ամենքն իր ձևով է պատրաստ ներդրվել հաղթանակի մեջ։ Իսկ եթե պաթոսից կտրվենք, ապա եթե Ձեզ թվում է, որ էդ բոլոր նշվածները «էստի համեցեք» ցուցանակներով կանգնած էին, երբ մենք ազատագրում էինք Աղդամը, Քելբաջարը, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Կուբաթլուն և այլ տարածքներ, ապա չարաչար սխալվում եք։ Որ սպասենք թույլատվության՝ բնականաբար երբեք չենք ստանա։ Փաստի առաջ է պետք կանգնեցնել էդ բոլորին և ըստ այդմ՝ քաղաքական ու դիվանագիտական դիմակայություն վարել։ Պարզապես իշխանությունները չպպետք է վախենան ընկալել դա, ընդունել դա, հենվել դրա վրա ու իրենք էլ հենարան դառնան մեր ժողովրդի համար։
2․ 80-ականների զենքերով կռվելու մասին աղեկտուր հեծկլտանքը մարդկանց կողմից, ովքեր բացարձակապես գաղափար չունեն ոչ զենքից, ոչ էլ ռազմական այլ հարցերից։
Մարդիկ ջան, մենք այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան ձեզ է թվում ու դուք չեք էլ պատկերացնում ինչ անկապ խնդրի վա եք սևեռվել։ Պարզապես, որ հասկանաք, թե ինչ բառադի թեմա է, ասեմ ձեզ, որ նույն «գերժամանակակից» Սմերչը սպառազինության մեջ է ընդգրկվել 1987 թվականին, ՏՈՍ-ը՝ էլի 80-ականներին, Տ-90-ը՝ 1991-ին, իսկ եթե հաշվենք, որ ինքն ըստ էության Տ-72-ի խորը մոդիֆիկացիա է պարզապես՝ ավելի վաղ։
Հարցն այն չէ, թե որ թվականի արտադրության են մեր զենքերը, հարցն այն է, թե ոնց ենք կարողանում օգտագործել դրանք ու որ ավելի կարևոր է՝ ինչ վիճակում են դրանք։ Սրա մասին անհամեմատ ավելի քչերն են խոսում։
3․ Փոխանակ հետևություններ անենք ու կոնսոլիդացվենք, դրած քննարկում ենք՝ բա խի, բա ոնց եղավ, որ սենց եղավ։
Փոխանակ քննարկենք ինչ պետք է անենք ու ոնց, որպեսզի հաղթենք, դրած էլի անցյալից ենք կառչում։ Коней на переправе не меняют, հատկապես, երբ ավելի լավ «ձիեր» չկան էլ։ Էդ նախկինում եղած-չեղածի համար պատասխանատվության պետք է կոչել, երբ այս ամենն ավարտվի, ոչ թե պատերազմական պայմաններում։
4․ Ռուսաստանի կեցվածքի ու լուսաբանման վրա թքած, Ռուսաստանի Հայերի Միությունն է մահացու
Հերիք չի ոչինչ չեն անում այս կազմակերպությունում, մի բան էլ մուննաթ են անում, թե բա բոլորը ցնցված են իրենց գործողություններից, մենակ հայկական մեդիաները չեն նկատում դա։ Այ բեդովլաթներ, Հայաստանի չափ հայ կա Ռուսաստանում, որոնք մեծամասամբ լրիվ կիսում են այն զգացողություններն ու հոգեվիճակը, որն առկա է Երևանում ու Ստեփանակերտում, բայց քանի որ դուք ուզուրպացրել եք իրենց շահեր ներկայացնող հասարակական ինստիտուտի կարգավիճակը ու ոչինչ չեք անում, էդ մարդկային պոտենցիալը կիրառական դրսևորում չի ստանում քաղաքական-դիվանագիտական դաշտում և եղածը սսահմանափակվում է հումանիտար օգնություն ուղարկելով։ Նյարդայանացնում է ոչ այնքան ձեր կազմակերպության անգործությունը, ինչքան հայաստանցիներիս «շառով» անելու Ձեր ճղճիմ փորձերը։ Ասեք, որ թքած ունեք մեր ազգային շահի վրա ու քաշվեք ղրաղ, ի՞նչ եք ձեզ Հռոմի պապուց ավելի կաթոլիկ ձևանում։ Փաստացի, այսօր միակ խոշոր համայնքը, որը ոչ մի լուրջ ցույցեր, պիկետներ, ընդվզման այլ մեխանիզմներ չի արել՝ Ռուսաստանինն է։
5․ Ունենք ֆանտաստիկ լավ, մոտիվացված ու պատրաստակամ հասարակություն և ֆանտաստիկ, կներեք, բայց անոռուգլուխ պետական-քաղաքական համակարգ, որը կարող է հարամել այս ամենը։
Այնպիսի տպավորություն է, որ գրեթե ոչ մեկ իր տեղում չէ պետական համակարգում։ Բացառությունները մի կողմ եթե դնենք և նաև առանձնացնենք նրանց, ովքեր ԳՈՆԵ փորձում են ինչ որ բան փոխել ու փոխվել, մեկ է, մի ինչ որ հոծ զանգված կարծես իրականությունից կտրված լինի ու չհասկանա, որ ինչքան էլ 18 տարեկան զինվորն ու 23 տարեկան սպան խիզախ ու անձնուրաց լինեն, այսպիսի մասշտաբների կռիվն անհնար է հաղթել առանց համապետական ու համազգային բոլոր ռեսուրսների և ուժերի գերլարման։ Լրջանալու ժամանակն է եկել, իսկ ամենատարբեր ոլորտներում կարծես չեն էլ հասկանում, որ առաջնագիծը Թալիշի մոտով միայն չի անցնում, այ հենց իրենց աշխատասենյակի շեմքի մոտով և որքան երկար են նրանք ախմախություններ անում իրենց աշխատանքում, այնքան դժվար է լինելու Թալիշի առաջնագծում։
Կոնստանտին Տեր-Նակալյան