Կարծեմ 2-3 օր է արդեն «հրադադար» է: Դա իհարկե չի նշանակում, որ վաղը հակառակորդը հարձակում չի ձեռնարկի, կամ այս գիշեր դիվերսիոն ներթափանցում չի փորձի կազմակերպել: Ուստի մենք բոլորս ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք զարգացման ամեն սցենարի:
Նախորդ մի քանի օրվա մեջ կարծեմ 2 անգամ հակառակորդը հյուսիս-արևելքում ԼՂ ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր է ձեռնարկել, որոնք, սակայն, պատշաճ կերպով ետ են մղվել: Ռազմական հակամարտության պայմաններում պարզ է, որ հակառակորդի կողմից մեր ուժերի հետախուզումն առանցքային կարևորություն ունի ռազմական քաղաքականության մշակման մեջ: Եվ դա բնական է: Առանց հետախուզության տվյալների, առանց նրա հատուկ օպերացիաների ոչ մի կերպ հնարավոր չէ արդյունավետ ռազմական գործողություններ ձեռնարկել: Հաճաչ ռազմական գործողության արդյունքի մոտ 50 %-ը կախված է լինում հենց հետախուզության լավ կամ վատ աշխատանքից: Ի դեպ ադրբեջանցիների մեծ կորուստների պատճառներից մեկը, ըստ մասնագետների, նաև այն էր, որ մինչ ռազմական գործողություն մշակել/իրականացնելը ոչ միշտ են պատշաճ հետախուզություն իրականացնում :
Պարզ է, որ մենք էլ մեր ուժերի՝ պաշտպանական/հակահարձակողական գործողությունների ժամանակ առաջնահերթ ուղղորդվում ենք մեր հետախույզ տղերքի տեղեկատվությամբ: Դիցուկ՝ ամենից թարմ լուրերով հերթական ստացված գործողությունից մերոնք հակառակորդի թիկունքից վերադարձան ադրբեջանցիների ռազմական «ՈՒՌԱԼ»-ով: Թե ինչ էր ռազմական մեքենայի մեջ, հավանաբար հետո կիմանանք, սակայն նշենք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ կարծեմ պաշտոնական հաղորդագրության մեջ անգամ նշվեց, որ մեր հետախուզական ստորաբաժանումների հաջողված գործողությունից հետո վերադարձել ենք «ռազմավարով»:
Թե ովքե՞ր են նրանք, ի՞նչ գործողություններ են իրականացրել, դա մենք, իհարկե, չենք իմանա, սակայն հավաստի աղբյուրներից մեզ պարզ դարձավ, որ հաջողված գործողության և լավ ծառայության համար մեր մի շարք հետախույզներ պարգևատրվել են: Ի դեպ, պարգևատրվել են նաև «ռազմական գործողությունների վերսկման» սցենարի ներքո այս օրերին անցկացված զորավարժությունների արդյունքում ԶՈՒ-ի հետախուզական մի շարք ստորաբաժանումների սպաներ, զինվորներ, ովքեր զորավարժություններից հետո վերադառնալով զորամասեր՝ արժանացել են շնորհակալագրերի, մարտական ծառայության համար մեդալների, այլ պարգևների:
Երևի ամենից բարդ ու պատասխանատու գործը ռազմական հակամարտության պայմաններում (իմ համեստ գիտելիքների տեսանկյունից) հենց հետախույզների գործն է, ում հաջողությունների մասին սովորաբար մենք չեն իմանում, մինչդեռ նրանց անհաջողությունների գինը երբեմն լինում է իրենց իսկ կյանքը...
Ալեն Ղևոնդյան