Թուրքական պատրվակներ. պատմական զուգահեռներ
Այն ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին ուշագրավ է թուրքական մամուլի դիտարկումների ու քաղաքական ենթատեքստերի համատեքսում: Թուրքական մամուլում սկսել են շրջանառվել տեղեկություններ, որոնք կրում են սադրիչ բնույթ' նպատակ ունենալով քաղաքական առումով ինչ-ինչ խնդիրներ լուծել:
Թուրքիան, ամենաբարձր մակարդակով պաշտպանեց ու խրախուսեց Ադրբեջանին' հարձակման ու ագրեսիայի հարցում: Այլ բան պաշտոնական Անկարայից, այն էլ այսօր, միամտություն կլիներ սպասել: Թուրքիան սատարում և աջակցում է Բաքվի կողմից սանձազերծված գործողությունները, իսկ Ադրբեջանն էլ «թև առնում» իր ավագ եղբորից: Չանդրադառնալով ռազմական գործողությունների պլանավորման ու իրականացման հարցում Անկարայի դերակատարությանն առնչվող հարցերին' ուշագրավ են, հատկապես քաղաքական գործընթացների տեսանկյունից Անկարայի վարքագծային «պատրվակները», որոնք ներկայում դրսևորվում են հատկապես տեղեկատվական դաշտում: Առաջինը, որ անհրաժեշտ է նշել, թուրքական տեղեկատվական դաշտում երկու ուղղությամբ տեղեկատվական հոսքերի ակտիվացումն է, որոնք ունեն քաղաքական կարևոր ենթատեքստ:

 


Նախ, ապրիլի 6-ին արդեն թուրքական ԶԼՄ-ներով բավական ակտիվ, սենսացիոն ու ընդգծված խորագրերով, սկսեցին տարածվել տեղեկություններ, թե իբր հայկական ուժերի կողմից կրակ է բացվել Նախիջևանի ուղղությամբ: Հայկական կողմն անմիջապես հերքեց նման տեղեկատվության իսկությունը: Հաջորդ օրն արդեն թուրքական լրատվամիջոցները տեղեկատվական դաշտը հեղեղեցին «Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) կողմից Հայաստանին օժանդակելու պնդումներով: Ըստ հրապարակումների' իբր PKK-ի հրամանատարությունը ուժեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ' Ադրբեջանի դեմ կռվելու համար և PKK-ի Քանդիլի հրամանատարության կողմից շուրջ 400 զինյալներ Թուրքիայից անցել են Հայաստան ու տեղավորվել Լեռնային Ղարաբաղում: Հայաստանում PKK-ի ճամբարների առկայության մասին պնդումները ժամանակ առ ժամանակ ի հայտ էին գալիս թուրքական մամուլում, երբ ազգայնական ալիքի տակ փորձում էին թիրախավորել նաև Հայաստանին:

 


Ուշագրավ է, որ այս տեղեկությունները շրջանառության մեջ են դնում թուրքական իշխանական լրատվամիջոցները: Ուստի, սրանք քաղաքական որոշ հաշվարկներ ու նպատակներ են հետապնդում: Նման ապատեղեկատվությունների ու լուրերի շրջանառմամբ թուրքական քաղաքական շրջանակները փորձում են Թուրքիայի համար ինչ-ինչ հիմնավորումներ ապահովել' հետագայում նաև իրենց տարբեր ֆորմատներով գործողություններն ու դերակատարությունը հիմնավորելու և դրանց վրա նոր քայլեր մշակելու համար:
Վերոնշյալն ուշագրավ է այն առումով, որ նման սցենարներ թուրքական կողմը բանեցրել է դեռ 1992-1993թթ. ընթացքում, երբ տարբեր պատրվակներով թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը հեռահար պլաններ էր մշակում: Արցախյան գոյամարտի տարիներին' 1993թ. օգոստոսին Թուրքիայի վարչապետ Թ. Չիլլերը դիմեց թուրքական խորհրդարանին' թուրքական բանակը մարտական պատրաստության բերելու և «հայկական ուժերի կողմից Նախիջևանի դեմ ագրեսիան կանխելու» նպատակով: Ավելի ուշ' նույն թվականի հոկտեմբերին արդեն Թուրքիան պատրաստությունների մեջ էր և որպես պատրվակ հիմնավորվում էր ինչպես «Հայաստանում PKK-ի ճամբարների առկայության», այնպես էլ' «հայկական ագրեսիայից» Նախիջևանի պաշտպանության հանգամանքը, ինչը քննարկվել էր նաև այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Ի դեպ, 1993թ. սեպտեմբերին Թուրքիան արդեն ուժեր էր կենտրոնացրել հայ-թուրքական սահմանին:

 


Ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով Թուրքիայի մերօրյա իշխանությունների քաղաքական մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, երկրում տիրող բարդ իրավիճակը, ռուս-թուրքական լարվածությունն ու վարքագծի անկանխատեսելիության գործոնը' ավելի են մեծացնում տարածաշրջանում Թուրքիայի ապակայունարար դերակատարությունն ու ազդեցությունը: Ժամանակներն անցնում են, իսկ Թուրքիայի' կարծես ավանդական դարձած «պատրվակների քաղաքականությունը» նոր թափ ու երանգներ ստանում:

 

Լևոն Հովսեփյան