Մի քանի կարևոր հանգամանք կա, որոնք անհրաժեշտ է արձանագրել Իրանի և իրանցիների հետ մեր բարեկամական հարաբերությունների համատեքստում:
Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան այս տարիների ընթացքում կարողացել է հավաքագրել կամ կաշառել որոշակի թվով անձանց, որոնք աշխատում են երկու ուղղությամբ. հակահայկական դիրքորոշում և քարոզչական քայքայիչ աշխատանքի իրականացում իբր Իրանի շահերի դիրքից հանդես գալու քողարկման միջոցով և հակահայկական ու հակաիրանական տեսակետների բացահայտ արտահայտում առանց որևէ քողարկման:

 


Եթե երկրորդ խմբի դեպքում ամեն ինչ ակնհայտ է, և հենց իրենք իրանցիներն են պայքարում դրա դեմ, ապա առաջին խումբը զգալի վտանգ է ներկայացնում, ասենք այսպես, ավելի խորամանկ մեթոդաբանության շնորհիվ, որը խարսխված է իբր իրանական շահերի ուղեծրով ընթանալու կեղծ գաղափարի վրա:
Ակնհայտ է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի այն բացառիկ բարեկամ պետությունն է, որի անվտանգությունը և հզորությունը բխում են նաև այս երկրի շահերից: Եթե ավելի բաց խոսելու լինենք, ապա Հայաստանը նաև ռազմական ուժով զսպելով Բաքվի բռնապետի պետական կազմավորմանը Հարավային Կովկասում, իր ուղղակի և անմիջական նպաստն է բերում այդ թվում Իրանի առնվազն հյուսիսարևմտյան շրջանների անվտանգության ապահովման գործին:
Մի կողմ թողնելով երկու երկրների անվտանգության փոխկապակցվածության մյուս բոլոր բաղկացուցիչների բավական մանրամասն շղթան և հենց թեկուզ միայն հաշվի առնելով այս հանգամանքը, ակնհայտ է, որ իբր իրանամետության դիրքերից արտահայտվող որևէ հակահայկականություն, ըստ էության, չի կարող գոյություն ունենալ, և այս կոնկրետ պարագայում հակահայկականությունն ուղղակիորեն ի բնե համընկնում է հակաիրանականության հետ:

 


Ուստի՝ նման հակահայկական՝ նույնն է, ինչ հակաիրանական, գաղափարներ արտահայտող և տարածող անհատների կամ խմբի դեմ պայքարը ոչ միայն հայերիս, այլ նախևառաջ հենց իրանցիների խնդիրն է, որը նկատի ունենալով իրանական պետական կառավարման համակարգի հինավուրց ավանդույթները, մեր հարևան և բարեկամ երկիրը կարող է լուծել չափազանց արդյունավետ եղանակներով:
‪#‎ՀայաստանԻրան‬ ‪#‎բարեկամություն‬ ‪#‎քարոզչություն‬

 

Վարդանյան Ոսկանյան