Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, որը հաստատվել է կառավարության նիստում, դրական սպասումների տեղիք է տալիս: Նախատեսվում է, որ նոր օրենսգիրքը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները:

 


Օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլև այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են ներդրումներ և ներդրումների մեծածավալությամբ պայմանավորված՝ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու իրենց մատակարարներին վճարված ԱԱՀ-ն: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները, որպեսզի կարողանան դրանք օգտագործել:

 


Բացի այդ, հարկային նոր օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաև երրորդ երկրներից հումքի տեսակներ ներմուծելու դեպքում ԱԱՀ-ն մաքսային մարմիններին կվճարվի ոչ թե ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմիններին՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը: Օրենսգրքի շրջականերում սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային եղանակների կիրառությունը: Այս նորամուծությունների հետ մեկտեղ՝ փոքր բիզնեսը շարունակելու է օգտվել այն արտոնություններից, որոնցից այսօր օգտվում է:

 

Մանե Զաքարյան