Հայ-ադրբեջանական սահմանում և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև առկա բաժանարար գծի երկայնքով տարբեր զինատեսակների կիրառմամբ մարտական միջադեպեր հրահրելու միջոցով իրավիճակը թեժ պահելու մարտավարությունը պաշտոնական Բաքվի ընդհանուր քաղաքական գծի կարևորագույն բաղադրատարրն է: Ադրբեջանը ցանկացած մեծ ու փոքր առիթն օգտագործելու է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերին ու քաղաքացիական բնակչությանը ցավալի կորուստներ պատճառելու համար: Այս կերպ ալիևյան վարչախումբը ձգտում է նաև հավելյալ հոգեբանական ճնշում գործադրել ինչպես՝ հայկական կողմերի, այնպես էլ՝ համանախագահների վրա, և վերստին հիշեցնել բոլորին, որ ուր էլ որ լինի, նա զինված պայքար է մղում հենց Հայաստանի՝ իր պնդումների համաձայն՝ Ադրբեջանի տարածքի մոտ քսան տոկոսը զավթած պետության դեմ:

 

 

Մենք պետք է լավ հասկանանք, որ պաշտոնական Բաքվի նմանօրինակ պահվածքը մեծապես պայմանավորված է հայկական կողմերի անհեռատես բանակցային մոտեցումների արդյունքը հանդիսացող մի շարք ցավալի սխալներով: Իրավիճակը դեռ կարելի է շտկել, բայց դրա համար Երևանում ու Ստեփանակերտում պատասխանատուները պետք է համապատասխան որոշում ընդունեն, նոր մոտեցումներ մշակեն և ունենան այդ մոտեցումները կյանքի կոչելու կամքն ու մասնագիտական կարողունակությունը: Իշխանական շրջանակներից դուրս որոշ մշակումներ արդեն իսկ գործնականում իրականացվել են:

 

 

 

Արման Մելիքյան