Հին Երևանի Կոզեռնի մատուռն ու գերեզմանատեղին... Ներկայիս Բաղրամյան պողոտայի, Պռոշյան և Դեմիրճյան փողոցների միջև ընկած հատվածում է գտնվել Երևանի հնագույն գերեզմանատեղին' Կոզեռնը, որտեղ մինչև 1930-ականների սկիզբը, Երևանի նոր նախագծով գերեզմանոցի քանդումը' կանգուն են եղել դեռևս 9-րդ դարով թվագրվող տապանաքարեր: Այստեղ է գտնվել նաև (մոտավորապես ներկայիս Սիրահարների այգու և Պռոշյան փողոցի միջև ընկած հատվածում) Հին Երևանի Կոզեռնի մատուռը: Մատուռում է եղել 11-րդ դարի առաջին կեսի երևանաբնակ անվանի հայ գիտնական և տոմարագետ Հովհաննես Կոզեռն վարդապետի դամբարանը, որի անունով էլ հետագայում կոչվել է նաև ողջ գերեզմանատեղին: Մի վարկածի համաձայն, Կոզեռնի մատուռը իրականում չի քանդվել, և այն ներկայումս Պռոշյան փողոցում տեղակայված բնակելի տան մի մասն է կազմում:

 

Հայտնի է նաև, որ 17-րդ դարում Կոզեռնի դամբարանի մոտ են թաղվել ժամանակի նշանավոր գործիչներ՝ վարդապետ Մելիքսեթ Վժանեցին (1631) և Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը (1633): Այստեղ, նրանց գերեզմանների և Կոզեռնի դամբարանի վրա՝ արդեն 1630-ականների վերջին կառուցվում է գեղեցիկ մի մատուռ, որը և անվանվում է ի պատիվ Հովհաննես Կոզեռնի: Մատուռը կործանվում է 1679 թ. մեծ երկրաշարժից, որից հետո 1829-ին երևանյան մեծահարուստ Սահակ Մելիք-Աղամալյանը նորոգում է այն և դարձնում իրենց տոհմական դամբարանը (նկարում): Հետաքրքիր մի փաստ ևս՝ 1920-ականներին Կոզեռնի գերեզմանոցում է վերաթաղվում (ներկայիս Կոմիտասի պանթեոնից) Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի աճյունը: Սակայն գերեզմանոցի վերացման պատճառով, Արամի այրին՝ Կատարինե Զալյանը մեծ դժվարություններով կարողանում է 1930-ականների սկզբին Կոզեռնից տեղափոխել և կրկին վերաթաղել Արամ Մանուկյանի աճյունը արդեն Թոխմախի գերեզմանոցում:

 

Այն, որ Երևանում կան այնպիսի պատմական շերտեր, որոնք դեռևս պարզաբանված չեն, ապացուցեց նաև Կոզեռնի գերեզմանատեղիի ուսումնասիրությունը: 1930-ների սկզբին, Կոզեռնի քանդումից առաջ, այստեղ տարվում էին հետազոտական աշխատանքներ, որոնց մասնակցում էր նաև ճարտարապետ Կարո Ղաֆադարյանը: Հետագայում նա գրում է. «Այդ վայրում (Կոզեռն), ներկա (20-րդ) դարի 30-ական թվականներին, երբ այնտեղ նոր շենքեր էին կառուցում, ամենուրեք ի հայտ էին գալիս քարարկղյա նեղ ու երկար դամբարաններ, որոնք ակնհայտորեն պատկանում էին քրիստոնեության վաղ ժամանակներին' 4-ից՝ 7-րդ դարերին: Այստեղից մի քիչ ավելի հյուսիս-արևելք հետագայում ի հայտ եկան նույնիսկ հեթանոսական շրջանի քարարկղյա դամբարաններ, ինչպիսիք մեզ հայտնի են Դվինից, Ավանից և շատ այլ վայրերից: Բայց եթե հեթանոսական շրջանի դամբարանների' Կոզեռնի գերեզմանոցին պատկանելը կասկածելի է, ապա վաղ քրիստոնեական թաղումները աներկբայորեն պատկանում են նրան»:

 

Ռուբեն Շուխյան