Այսօր՝ մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը: Իսկ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ հիմնադրամը շարունակելու է Հայաստանում իրականացնել թե սկսված, թե նոր ծրագրերը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Շրափելի եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի հետ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Նա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցում արժեւորել է նաեւ Գերմանիայի փորձն ու դրա ուսումնասիրությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ այսօր խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ-960 նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարեւորելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում այն բոլոր առաջարկներն ու մտահոգությունները, որոնք կլինեն կառուցողական, կընդունվեն:
Իսկ Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի (ԱԽ) ընդլայնված նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստին մասնակցել են աշխանտանքային խմբի անդամները, միջազգային փորձագետներ եւ ոլորտի մասնագետներ:
Նարեկ Միրզոյան