Հատկապես վերջին տարիներին, բավականին շատ ենք լսում Արցախյան Ազատամարտի մասնակից և հարաբերական խաղաղության պայմաններում վիրավորված մեր ընկերների սոցիալական դժվարությունների մասին։ Խնդիրն այն է, որ պատերազմի տարիներին այդ մարդկանց մեծ մասը երիտասարդ էին ու, պաշտպանության գործընթացին մասնակցելու պատճառով՝ ուսում չեն ստացել և ոչ մի նորմալ մասնագիտություն էլ չեն սովորել։ Բացի նրանից, որ կորցրել են առողջությունը, նաև փաստացի կորցրել են մասնագետ դառնալու և հաց վաստակելու հնարավորությունը։ Հետպատերազմյան տարիներին, երբ սկսեցին ակտիվ զարգանալ կոոպերատիվներն ու մանր-մունր առևտուրը, առնել-ծախելը ամենատարածված վաստակելու միջոցը դարձավ։

 

Ավելի «ճարպիկներն» արագ հարստացան և խոշորացման ու, որոշների դեպքում՝ նաև տարբեր մախինացիաների (այդ թվում՝ և ստացած պաշտոի չարաշահման) շնորհիվ, սկսեցին խեղդել մյուսների բիզնեսը (չեմ ուզում լրացուցիչ կանգ առնենք պատերազմին թալանի (ոչ թե ռազմավարի) միջոցով հարստություն դիզած ոմանց ֆակտորին, սա քննարկման լրացուցիչ թեմա է)։ Արդյունքում բազմաթիվ բիզնեսներ սնանկացան և մարդիկ մնացին առանց աշխատանքի։ Ոմանց համար մանր-մունր շուստրիությունները ու էստեղից-էնտեղից փոքր-մոքր գործ կպնցելը որոշ ժամանակ շարունակում էր մնալ միակ ապրուստի միջոցը, ոմանց համար՝ ելք էր խոպանը, մյուսները՝ իրենց տունը սկսեցին պահել շինարարության մեջ աշխատելով կամ տաքսի վարելով։ Բայց Հայաստանում բնակչության թվաքանակի անկման, կապիտալի խոշոր կենտրոնացման և կանխիկ փողից՝ առավելապես բանկային-քարտային համակարգի անցնելու արդյունքում (կարելի է նաև այլ պատճառներ թվել), շատերը մնացին պարզապես առանց աշխատանքի և առանց հնարավորության։

 

Եթե դրան գումարենք զանազան առողջական և այլ խնդիրները, որոնց մեծ մասն ի հայտ են գալիս արդեն 50-տարեկանում (հաշվի առնենք որ պատերազմի տարիներին 20-30 տարեկաններն այժմ 50-ի մոտ մարդիկ են), կարելի է հասկանալ, որ հանրապետության մեջ կյանքի որակի ընդհանուր բարելավման ֆոնին առավել ցայտուն սկսեց երևալ խավային բևեռացման այս երևույթը և մարդիկ առավել սուր սկսեցին զգալ իրենց ծանր դրությունը։ Այդ ամենի ֆոնին, պետությունը սկզբնական փուլում զբաղված էր այլ բնույթի խնդիրների լուծմամբ (մի պահ անտեսելով ալան-թալանը և համարելով, որ գործ ունեինք իեալական վիճակի հետ՝ ենթադրենք թե պետությունը զբաղված էր բացառապես պաշտպանական և նման բնույթի խնդիրներ լուծելով, իհարկե բոլորս էլ գիտենք, որ այս «իդեալական» վիճակը մեղմ ասած երազանք է, բայց այնուամենայնիվ քննարկման առարկան սա չէ հիմա)։

 

Ստացվում է այսպիսի մի պատկեր. քանի որ սկզբնական շրջանում հիմնական շահագրգիռ կողմերը չէին դրել պահանջը՝ արտոնյալ պայմաններով կազմակերպել մասնագիտական կրթություն կամ մասնագիտական որակավորման դասընթացներ, նախընտրելով՝ «ով ինչպես կարողանում է իր գլուխըը պահելու» տարբերակը, ապա հիմա շատ ցայտուն սկսել է զգացվել խնդիրը։ Ժամանակին, կազմակերպվել և այժմ էլ կազմակերպվում են բազմաթիվ օգնություններ աջակցություններ, որոնք ընդամենը ժամանակավոր բնույթի լուծումներ են և խնդիրն արմատապես չեն լուծում։ Բնականաբար, հավերժ չեն կարող շարունակվել նմանատիպ օգնությունները (տարբեր՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով)։ Այս ամենի ֆոնին, ամենաճիշտ տակտիկան են ընտրել ընկերները, ովքեր զուտ գումարային կամ ժամկետային սպառման օգնության փոխարեն փորձում են արմատապես լուծել առկա խնդիրը՝ առաջարկելով տարբեր մեթոդներով ինքնուրույն վաստակելու ուղին։ Կարծում եմ, ներկա փուլում, եթե լինի նաև բավարար պետական աջակցություն, ապա հարցը հնարավոր կլինի սեղմ ժամկետներում առավելագույնս լուծել, որի արդյունքում կունենանք և՛ աշխատատեղեր, մարդկանց զբաղվածություն, և՛ պետությունից նպաստ ստացող կամ ակնկալող քաղաքացին կդառնա աշխատող և հարկ մուծող քաղաքացի։ Ցանկացած խելամիտ կառավարության համար այս լուծումը գրեթե իդեալական պետք է թվա։

 


Առաջարկներս.

 

1. Արտոնյալ պայմաններով կազմակերպել արագացված դասընթացներ և մասնագիտական կրթություն՝ պատերազմին մասնակից և կամ պատերազմական պայմաններում վիրավորված ընկերների համար (կարծում եմ անգամ 50 տարեկանների մեջ կգտնվեն սովորելու ցանկությամբ մարդիկ)
2. Արտոնյալ պայմաններով կազմակերպել արագացված մասնագիտական որակավորման ծրագրեր և միջին մանագիտական կրթություն՝ տարբեր արհեստների և արվեստների ուսուցում
3. Մարզային շրջաններում լրացուցիչ խրախուսել փոքր բիզնես և գյուղատնտեսական պրոյեկտներ, սկզբնական մեկ-երկու տարում ստեղծելով հարկային արտոնյալ պայմաններ՝ ոտքի կանգնելու համար։
4. Այլ գաղափարներ և առաջարկներ։
Թեման բաց է քննարկման համար.
Հարգանքներով՝ Զաքար Խոջաբաղյան։