Ներկայացնում ենք նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մի քանի առանձնահատկություններ, որոնք դեռևս վերաիմաստավորելու կարիք ունեն այն կուսակցությունների կողմից, որոնք ցանկանում են մասնակցել Վանաձորի համայնքի ավագանու ընտրություններին;

 

1. ԸՕ 105 հոդվածը սահմանում է, որ 70 հազար և ավելի ընտրողներ ունեցող համայնքների ավագանին պետք է բաղկացած լինի 33 ավագանիներից: Սա նշանակում է, որ, անկախ արտագաղթի տեմպերից և ընտրողների ցուցակների ճշտումից, ամեն գնով պետք է ապահովվի Վանաձորում ցուցակային 70 հազար ընտրող քանակը: Այդ դեպքում կուսակցությունները և դաշինքները կարող են ներկայացանել ավագանու թեկնածուներ ոչ պակաս՝ քան 15-ը, և ոչ ավելի՝ քան 99-ը (ոչ ավելի , քան օրենքով սահմանված ավագանիների քանակի եռապատիկը):

 

2. կուսակցությունների և դաշինքների ավագանիների թեկնածուների ցուցակում անկուսակցականների քանակը չի կարող գերազանցել ցուցակային քանակի 30 տոկոսը: Բացի այդ, կուսակցությունները և դաշինքները պարտավոր են իրենց ցուցակներում 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6,2-11,2-16,…) և այդպես շարունակ , ապահովել յուրաքանչյուր սեռի ներկայացուցչությունը, սակայն մեկ սեռը չի կարող գերազանցել ցուցակային թվի 80 տոկոսը:

 

3. Վանաձորի ավագանու ընտրություններում կուսակցությունների և դաշինքների համար սահմանված է անցողիկ շեմ, կուսակցությունների համար կողմ քվեարկած ընտրողների ընդհանուր թվի 6 տոկոսը, դաշինքների համար՝ 8 տոկոսը:

 

4. Ընտրությունների արդյունքում 33 ավագանու մանդատների բաշխումը կատարվելու է թվաբանական գործողությամբ: Կուսակցություններին և դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 33-ով, բաժանվում է կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվին և վերցվում են ամբողջական թվերը:

 


Սակայն շփոթի հիմնական պատճառը նոր օրենքի նախագծով սահմանված քվեաթերթիկներն են: Քվեաթերթիկներում գրվելու է միայն կուսակցությունների և դաշինքների ավագանու անդամության թեկնածուների ցուցակների միայն առաջին երեք թեկնածուների անուն, ազգանուն և հայրանունները: Ցուցակային մնացյալ թեկնածուների անունները ընտրողն ընտրելու պահին չի տեսնելու: Սա նշանակում է, որ կուսակցությունների և դաշինքների ավագանու թեկնածուների ցուցակներում 3-րդից հետո անհատների ռեյտինգը որոշվելու է ոչ թե ընտրողի միջոցով, այլ՝ ներկուսակցական ինտրիգների արդյունքում :
Մինչդեռ չի բացառվում, որ , օրինակի համար, որևէ կուսակցության , ասենք՝ 10-րդ համարի թեկնածուն ավելի մեծ քվեների հավակնորդ լինի, քան ցուցակային երկրորդ համարը: Ամեն դեպքում ներքին հակասություն է առաջանալու ցուցակային առաջին երեք դեմքերի և մնացյալի միջև:

 

Գարիկ Ղուկասյան