ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը (ՕԿԱԿ), որի խնդիրն է առաջարկություն ներկայացնել կառավարություն համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ, գործադրի ս.թ. մարտի 10-ի նիստի օրակարգ էր մտցրել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքի որոշ դրույթների վերանայման հարցը.
-սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննությունը տևում է 3 ամիս,
-արտոնագրի հայտը ներկայացնելու և մի քանի այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություն կատարելու համար գանձվում են տուրքեր, որոնց տեսակները, չափն ու վճարման ժամկետը և այլն, սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով, սակայն այդ օրենքը սելեկցիոն նվաճմանն առնչվող որևէ տուրք չի նախատեսում,

 


-արտոնագիր տալը մերժելու որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ, սակայն սահմանված չէ բողոքի քննարկման կարգը,
-սահմանված չէ սելեկցիոն նվաճման հայտը նաև էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն և այլն:
Այսպիսով, ՕԿԱԿ-ն առաջարկել է վերանայել իրավական ակտը' վերացնելով շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթները, բարելավել ու պարզեցնել պետության կողմից քաղաքացուն մատուցվող ծառայությունները:

 


Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությունը, ՕԿԱԿ-ը առաջարկել է'
-սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննության ժամկետը սահմանել 1 ամիս,
-ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթները, որոնք իրավաբանական նշանակություն ունեցող մի շարք գործողությունների համար տուրք են սահմանում,
-որպեսզի ՀՀ կառավարությունը սահմանի բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքի քննարկման կարգը, արտոնագրի և հեղինակային վկայագրի ձևերը,
-որպեսզի սելեկցիոն նվաճման հայտը ներկայացվի նաև էլեկտրոնային եղանակով,
-սելեկցիոն նվաճումներին վերաբերող տեղեկությունները հրապարակել նաև լիազորված մարմնի պաշտոնական կայքում և այլն:

 


Կառավարության հավանությունն ստացած օրենսդրական փոփոխությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը, հաստատվեցին դրա կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմեն Եղիազարյանը:
Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կլուծարվի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

 

 

Տնտեսական անկյուն