Դերասանուհի Լալա Մնացականյանի մտորումները' Երևանի մասին... «Ուզում եմ մի բան հասկանալ՝ մեր հին շենքերը քանդվում են պետության հովանու ներքո՞, թե՞ քանդվում են, որովհետև պետությունը հիմա զբաղված է շատ ավելի կարևոր գործերով ու չի նկատում, տեղյակ չէ: Յուրաքանչյուր երկիր բնականաբար պետք է շահագրգռված լինի իր արժեքները պահելով և պահպանելով: Ոչ մեկը իր հայրական տան արժեքը չի վնասում, չի փչացնում, չի ոչնչացնում: Իսկ հիմա մենք զբաղված ենք պարզապես մեր հայրական տունը, որը Երևան քաղաքն է, ոչնչացնելով ու փչացնելով...
Ի վերջո այդ շենքերը, որ իրենք քանդում են' 100-120 տարվա պատմություն ունեն, այսինքն ուրիշ ոչինչ չունենք, որով կարող ենք ապացուցել, որ մենք հին քաղաք ենք ունեցել: Գիտեք, ինձ մոտ ինչ տպավորություն է, որ Երևան քաղաքից պարզապես վրեժ են լուծում: Ոնց որ մարդիկ նեղացել են այս քաղաքից, չգիտեմ' գուցեև իրենց երիտասարդությունը այս քաղաքում վատ է անցել, ու հիմա նրանք մտածում են, թե ինչ անեն, որ էլ ավելի վնասեն: Եվ հետո' արդյո՞ք երևանցիներ են նրանք, չգիտեմ, որովհետև արմատներով երևանցին' ինքը իր տունը չի քանդում, չի ոչնչացնում և մասնակից չի այս անճաշակությանը...
Այն, ինչ կատարվում է քաղաքի հետ, նույնը կատարվում է նաև մարդկանց հետ' ոչ մի տարբերություն չկա: Ու գիտեք' ի՞նչն է ինձ ամենից շատ ցավ պատճառում. ինչու՞ եք երգում այդ երգերը Երևանի մասին, ինչու՞ եք ասում' «Երևա՛ն, ես քեզ սիրում եմ», կարո՞ղ է դու սիրես քո մորը ու նրան վնասես: Եվ ես չգիտեմ, թե որտեղ եք սուտ' ձեռքերը կրծքին դրված «հերոսաբար» կանգնելուց ու «արցունքոտ» աչքերով երգելուց «Երևա՛ն, մենք քեզ սիրում ենք», թե այն ժամանակ, երբ թույլ եք տալիս Երևան քաղաքի հետ անեն այն ամենը, ինչ ուզում են...»:
Կից նյութն՝ այստեղ:
Ռուբեն Շուխյան