Նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները հետզհետե ակտիվանում են: Ամենից շատ քննարկվում են այն հարցերը, թե ինչ մեխանիզմներ կարելի է կիրառել կրկնաքվեարկությունները և ուրիշի փոխարեն քվեարկելու փորձերը բացառելու համար:
Օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումնեերի համատեքստում կարելի է հանդիպել տարբեր գործիչների տեսակետների, թե նոր ընտրական օրենսգիրքը չի բավարարում իրենց: Այդուհանդերձ, պետք է նկատել, որ նման տեսակետ արտահայտողները, լավ կլիներ որ նախ հանգանանալից կերպով տեղեկանան, թե նոր օրենսգրքով ինչ մեխանիզմներ են առաջարկվում ընդդեմ կրկնաքվեարկության կամ այլ անձանց փոխարեն քվեարկության։
Նշենք, որ առաջին մեխանիզմը ընտրողների էլեկտրոնային գրանցումն է: Քվեարկությունից առաջ՝ 3 օրվա ընթացքում, էլեկտրոնային տեսքով հրապարակվում են երկրի բոլոր ընտրողների ցուցակները՝ անկախ նրանից' նրանք ՀՀ-ում են, թե՝ ոչ, և յուրաքանչյուր մարդ կարող է բեռնել այդ ցուցակները և ստուգել՝ կան արդյոք դրանցում կրկնություններ, թե՝ ոչ:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ընտրատեղամասի համար յուրաքանչյուր ընտրողի տվյալները՝ սկսած անձնագրից և id քարտից, պետք է լինեն էլեկտրոնային սարքի վրա։ Ընտրատեղամասում ընտրողը պետք է ներկայացնի անձնագիրը կամ id-քարը՝ քվեարկելու համար։ Փաստաթղթի հիման վրա սարքը որոշելու է այդ քաղաքացու կարգավիճակը՝ որպես ընտրողի։ Եթե քաղաքացին այդ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում է և առաջին անգամ է ներկայացնում իր փաստաթղթերը, ապա էկրանին հայտնվում է այդ ընտրողի մասին տեղեկություն՝ կանաչ նիշով, որը նշանակում է, որ նա գրանցված է այդ տեղամասում ու քվեարկում է առաջին անգամ։
Ամփոփելով նշենք, որ այս մեխանիզմը ներդրվել է հնարավոր կեղծումները կանխելու նպատակով, այսինքն՝ ինչպես իր ընտրատեղամասում երկրորդ անգամ քվեարկելու, այնպես էլ այլ ընտրատեղամասում քվեարկելու փորձը։
Արման Ալավերդյան