«Թեմուրանոց»' 1970-ականների երևանյան գարեջրատունը... Երևանի Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկին կանգնած շենքի այս երկու կամարների մոտով դեպի Կասկադ գնալիս անցնում են բոլորը: Բայց քչերը թերևս գիտեն, որ հենց այստեղ էր գտնվում 1970-ականների երևանյան ամենահայտնի գարեջրատներից մեկը' «Թեմուրանոց»-ը: Այն կոչվում էր նրա պանդոկապանի' Թեմուրի անունով, որը շատ յուրահատուկ և պատկերավոր մի անձնավորություն էր' միշտ զգոն, հստակ ու ճշգրիտ: Հիշում եմ, երբ 1974-ին գարեջրատան հարևանությամբ' Մոսկովյան փողոցի վրա տեղադրվեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, բոլորս միակարծիք էինք, որ սա հենց Թեմուրն է' երկու ձեռքերով հենված սեղանին:

 

«Թեմուրանոց»-ի ֆիրմային ուտեստն էր' սև կլոր թավաների մեջ տապակած կարտոֆիլը' բարակ կտրատած նրբերշիկով: Մեկ չափաբաժինը հենց այդպես էլ կոչվում էր' մի «թեմուր», ու այդպես էլ պատվիրվում էր սպասասեղանի մոտ կանգնած պանդոկապան Թեմուրին: Թավաները երեք տեսակի էին. փոքրը' երկու չափաբաժին (կամ երկու «թեմուր»), միջինը' չորս և մեծը' վեց: Իհարկե, խոհարարական առումով' դա շատ պարզունակ մի կերակուր էր, բայց մատչելի, համեղ ու կշտացնող' էլ ի՞նչ էր հարկավոր այն ժամանակվա երիտասարդության համար:

 

Գարեջուրը լցնովի էր' մեկ, երկու կամ երեք լիտր ապակյա տարաներով (բալոններով), որոնք դու ինքդ պետք է բերեիր սպասասեղանից' քո սեղանին, նոր այստեղ արդեն լցներիր գարեջուրը բաժակների մեջ: Իսկ գարեջրի տարաները լցվում էին ոչ միանգամից, այլ դրվում էին «հերթի», քանի որ փրփուրը շատ էր, և տարան լցվում էր ընդատումներով' մինչև փրփուրը պակասի: Այդպիսին էր երևանյան «Թեմուրանոց»-ը' երիտասարդների սիրված վայրերից մեկը, որտեղ իհարկե սեղանի շուրջը անվերջանալի էին նաև ընկերական բազմաբնույթ զրույցներն ու քննարկումները:

 

Ռուբեն Շուխյան