Էրդողանականները հասան գյուլենականների «Զամանին»՝ Թուրքիայի ամենահեղինակավոր պարբերականներից մեկին, որը նաև ամենամեծ տպաքանակն ունի: «Զամանը» մինչ 2013-ի դեկտեմբերյան ջրբաժանը տեղեկատվական և քարոզչական հսկա աջակցություն էր ցուցաբերում Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ այսպիսով կարևոր տեղ զբաղեցնելով իշխանամետ մեդիայի երկար ցուցակում: Էրդողան-Գյուլեն հակամարտության հետևանքով, սակայն, «Զամանը» սկզբունքորեն փոխեց քաղաքականությունը՝ էրդողանականներին աջակցող մեդիա ներկայացուցչից վերափոխվելով թուրքական իշխանություններին ծանր քննադատող լրատվամիջոցի:
Էրդողանը ստացավ հեղինակավոր և ժողովրդականություն վայելող լրատվամիջոցի քննադատությունների հսկա չափաբաժին, իսկ «Զամանն» էլ, անցնելով բարիկադների հակառակ կողմը, իր վրա զգաց թուրքական գրաքննության, խոսքի ազատության սահմանափակման, լրագրության բարդությունների ողջ «շքեղությունը»: Տարիներ ու ամիսներ թիրախավորելուց հետո թուրքական իշխանությունը հզոր հարված հասցրեց օրերս՝ վերահսկողություն հաստատելով թերթի նկատմամբ, ինչն էլ առաջ բերեց սպասելի բողոքի ալիքի: Մինչ այս, նման կերպ «օտարվել էր» նաև գյուլենականների մյուս կարևոր օրգանը՝ «Բուգյուն» թերթը: Այնուամենայնիվ, գյուլենականների միջնաբերդը հենց «Զամանն» էր, որի անկումը ծանր է: Ծանր է ոչ միայն Գյուլենի համար, այլ նաև ընդհանրապես թուրքական մեդիայի և Թուրքիայում լրագրության՝ տեղից էլ ծանր վիճակի համար:
Գևորգ Պետրոսյան