Վանի գյուղական ուսուցիչները' 1910 թվականին... Այս հազվագյուտ լուսանկարում' հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Վանա Իշխանն է (նստած աջից երրորդը)՝ լուսանկարված Վանի դպրոցներից մեկի ուսուցիչների և աշակերտների հետ 1910 թվականին: Վանա Իշխանը (Նիկոլ Պողոսյան, 1882, Շուշի - 1915, ապրիլ, Վան)՝ Վանի 1915-ի հերոսամարտի ղեկավարներից էր, Արամ Մանուկյանի մտերիմ ընկերն ու զինակիցը: Նա սովորել է Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում։ 1903-ին «Շանթ» խմբի կազմում մեկնում է Արևմտյան Հայաստան, մտնում է Վան և մնում այնտեղ մինչև մահը:
Հայտնի է, որ բացի ազատագրական պայքարից, Վանա Իշխանը շատ էր կարևորում Վասպուրականի գյուղերում բնակչության կրթական գործընթացի կազմակերպումը: Հենց նրա ջանքերով էլ Աղթամարում բացվեց Կենտրոնական վարժարանը, որտեղ դասավանդում էր նաև ինքը: Իսկ լուսանկարի հեղինակն է անվանի ազգագրագետ, բանահավաք և հնագետ, Թիֆլիսում հրատարակվող «Ազգագրական հանդես»-ի խմբագիր Երվանդ Լալայանը (նկարի անվանումը՝ «Գյուղական ուսուցիչներ», «Վասպուրական» աշխատությունից, «Ազգագրական հանդես», 1910 թ.)։
Ռուբեն Շուխյան