Սիրիայի տարածքում փետրվարի 27-ից հայտարարված մասնակի հրադադարի ռեժիմին զուգահեռ՝ բավականաչափ ակտիվացել է կրակի դադարեցման գործընթացը տապալելուն միտված քարոզչությունը: Հատկապես Պարսից ծոցի արաբական միապետությունների, ինչպես նաև թուրքական տարբեր իշխանական շրջանակների հովանավորությամբ գործող մամուլը, վերոնշյալ շրջանակների ազդեցությունը կրող որոշ սիրիական ընդդիմադիր կառույցների ներկայացուցիչներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ տարաբնույթ ապատեղեկատվության տարածման միջոցով փորձելու ստվերել առկա գործընթացը:
Ինչ խոսք, պարզից էլ պարզ է, որ սիրիական հակամարտության առանձնահատկություններով պայմանավորված՝ հայտարարված կրակի դադարեցման ռեժիմը խիստ հարաբերական և փխրուն բնույթ ունի: Մինչդեռ սա գործընթաց է, որը պարտավոր է իրականացնել միջազգային հանրությունն, ընդ որում, առկա միջազգային հարաբերությունների համակարգի պայմաններում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ նաև սիրիական հակամարտության շրջանակներում աշխարհաքաղաքական հակառակորդ հանդիսացող երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև կայացած պայմանավորվածությունների հիման վրա: Համաձայնություն, որը նաև անհրաժեշտ իրավափաստաթղթային վավերացում է ստացել մերօրյա աշխարհի խաղաղության և անվտանգության համար պատասխանատու կարևորագույն միջազգային կառույցի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի համապատասխան՝ №2268 բանաձևի տեսքով: Ասել է թե, վերոնշյալի համատեքստում, անգամ նման մեծ ծավալի թերահավատության, հոռետեսության պայմաններում ամենակարևորը հենց միջազգային հանրության օրակարգում հրադադրի ռեժիմի հաստատման և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առկայությունն է, իսկ թե ինչպիսի արդյունավետություն կունենա այդ գործընթացը, դա էլ, ըստ էության, յուրահատուկ ցուցիչ կհանդիսանա միջազգային հանրության և միջազգային հարաբերությունների առկա համակարգի ֆունկցիոնալության գործակիցը գնահատելու հարցում. չէ՞ որ խոսքը մերօրյա աշխարհի ամենաաղետալի և կործանարար հակամարտության մասին է, որում, այս կամ այն չափով ներգրավված են աշխարհաքաղաքական և մերձավորարևելյան գրեթե բոլոր առանցքային դերակատարները:
Եվ ի վերջո, զուտ մարդասիրական տեսանկյունից, անչափ ողջունելի է յուրաքանչյուր նախաձեռնություն, ցանկացած գործընթաց և ցանկացած տևողությամբ, որը հնարավորություն կընձեռի անգամ 1, 10, 100 կյանքեր փրկելու արդեն ավելի քան 260 հազար մարդու մահվան, և շուրջ 11 մլն-ի՝ անօթևան դառնալու պատճառ հանդիսացած հիմնախնդրի հանգուցալուծման համար:
Իսկ այն, որ հրադադարի ռեժիմը որոշակի արդյունք տալիս է, դա ակնհայտ է: Ակնհայտ է հատկապես Սիրիայի արևմուտքում և հարավում, որտեղ բացի կրակը դադարեցնելուց, ավելի քան 3 տասնյակ տարաբնութ զինված ընդդիմադիր խմբավորումներ կառավարության հետ հաշտվելու համաձայնություն են հայտնել:
Ի դեպ, այս գործընթացի արդյունավետությունը զգում են նաև Սիրիայում ապրող մեր հայրենակիցները: Մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Հայերն այսօրի» հետ հեռախոսազրույցում նշել է, որ Հալեպի հայաբնակ թաղամասերում փետրվարի 27-ից, այսինքն՝ ճիշտ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր, խախտումներ չեն նկատվել, բնակչությունը համեմատաբար խաղաղ վիճակում է գտնվում: Ռեիսյանը նաև հայտնել է, որ չնայած զինադադարին՝ Հալեպը մի քանի շաբաթ է զրկված է ջրամատակարարումից, էլեկտրականությունից և վառելանյութից, իսկ քաղաքի մուտքն ու ելքը կրկին շրջափակված է:
Հ.Գ. Բերիո թեմի մամուլի խոսնակի նշած վերջին խնդիրը՝ կապված քաղաքի շրջափակման հետ, արդենիսկ վերացված է. սիրիական զինուժի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2 օր առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից Խանասեր ավանի ազտագրումից հետո վերաբացվել է Հալեպ-Դամասկոս «կյանքի ճանապարհը»:
Արմեն Պետրոսյան