ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգին, կատարել է փոփոխություններ, որոնք բխում են ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկներից, մասնավորապես ստացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Օրենսդրության համաձայն գիտական աստիճանը մեր երկրում կառավարության հաստատած կարգով հաստատում և համապատասխան դիպլոմով ամրագրում է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ):

 


Կանոնակարգի մի շարք կետերում, որոնք վերաբերում են ներկայացված ատենախոսության փորձաքննությանը և հատկապես կրկնական քննարկմանը, կան տարընկալման տեղիք տվող անորոշ ձևակերպումներ. չի մանրամասնվում, թե ուսումնասիրման կոնկրետ ինչ խախտման դեպքում է որակավորման գործն ուղարկվում մասնագիտական խորհուրդ:
Ս.թ. փետրվարի 25-ի կառավարության նիստում ընդունված փոփոխություններով սահմանվել է հստակ կարգ, որը հնարավորություն կտա սահմանված ժամկետում անխոչընդոտ ապահովելու գիտական աստիճանաշնորհման գործընթացը: Նոր որոշմամբ գիտական աստիճանի վկայագիր հանձնելու կամ միջնորդությունը մերժելու համար ԲՈՀ-ը հիմք է ընդունելու փորձաքննության արդյունքը:

 


Միաժամանակ նախատեսվել է, որ վերջնական որոշում կայացնելու նպատակով ԲՈՀ-ը մասնագիտական խորհրդից ստացած գործը եզրակացություն ստանալու նպատակով ուղարկվում է համապատասխան գիտության բնագավառից գիտական աստիճան ունեցող մասնագետի փորձաքննությանը:
Որոշմամբ հստակեցվել են նաև ԲՈՀ-ի' համապատասխան որոշում կայացնելու ժամկետները, առանձնացվել են գիտական աստիճան շնորհելու խորհրդի որոշումը մերժելու կամ պատճառաբանված հիմնավորմամբ որակավորման գործը խորհուրդ վերադարձնելու, խորհրդում քննարկելու դեպքերը:
Այսպիսով, գիտական աստիճան շնորհելու կամ մերժելու որոշումները կլինեն ավելի պատճառաբանված' հիմնված համապատասխան բնագավառի փորձագետի եզրակացության վրա, կապահովվի գիտական աստիճանաշնորհման բաց և օբյեկտիվ գործընթացը:

 

Տիգրանուհի Դավթյան