Շենքերը մի տեղ կուտակելով' Հին Երևան չես կարող ստանալ... Օրեր առաջ տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է գերակա հանրային շահ հայտարարել Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների միջև ընկած Երևանի պատմական քաղաքաշինական հատվածը Գլխավոր պողոտայում, իսկ դա, ըստ կառավարության' հնարավորություն է տալու իրականացնել «Հին Երևան» նախագիծը: Բայց այդ որոշումն ինքնին շատ հարցեր և կասկածներ է հարուցում:

 

 

Փաստորեն պարզվում է, որ պետք է ուղղակի քանդվեն նշված հատվածի հին շենքերը, որից հետո այդ նույն տեղում իրար կողք-կողքի վերականգնվեն մոտ 30 շինություններ: Իսկ ի՞նչ սկզբունքով է, օրինակ, որոշվելու, թե որ շենքը պետք է քանդել կամ վերականգնել: Այսինքն, ստացվում է այնպես, որ փաստորեն որոշվել է քանդել Հին Երևանը' հանուն «Հին Երևան» նախագծի: Ահա այսպիսի մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, և մտավախություն կա, որ նորից հայտնվելու ենք այն խորհրդանշական փոսում, որ ներկայումս փորված է Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում' Աֆրիկայնների քանդված տան տեղում:

 

 

ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով հակված չէ, որ Գլխավոր պողոտայի այդ հատվածի վրա արհեստածին «Հին Երեւան» կառուցվի, այդ առումով ասում է հետևյալը. «Դա ո՛չ պատմական արժեք կներկայացնի, ո՛չ միջավայր կստեղծի' մենք մեծ սխալ ենք անում' ոչնչացնելով Գլխավոր պողոտայի վերաբերյալ թամանյանական գաղափարը: «Հին Երևան» նախագիծը չի համապատասխանում Թամանյանի հատակագծին: Այդ ծրագրի շրջանակում ստեղծվելու է ընդամենը սովորական առևտրի կենտրոն, և շենքերն օգտագործվելու են առևտրային նպատակներով, իսկ շենքերը մի տեղ կուտակելով' Հին Երևան չես կարող ստանալ»:

 

 

Ի դեպ' նկարում պատկերված է Հին Երևանի Աստաֆյան և Նազարովսկայա (ներկայումս' Աբովյան և Ամիրյան) փողոցների խաչմերուկում (ներկայիս Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց) ժամանակին կանգնած շենքը: Կառուցված է եղել ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով 1900 թվին, և այստեղ 1-ին հարկում տեղակայված են եղել երևանցի գործարարներ Արշակ Տեր-Զաքարյանի և Նահապետ Հարությունյանի խանութները, իսկ երկրորդ հարկում' Երևանի ռեալական ուսումնարանի դասասենյակները: Այս շենքն էլ քանդվել է 1930-ականներին' Լենինի հրապարակի պլանավորման և կառուցապատման ընթացքում:

 

Ռուբեն Շուխյան