Լոնդոնյան "Evening Standart" պարբերականը գրում է, թե Ուինսթոն Չերչիլի սիրելի հայկական կոնյակը, որն "ինչպես ասում են, կարևոր դեր է խաղացել հետպատերազմական Եվրոպայի ձևավորման գործում", առաջին անգամ վաճառքի է հանվել Բրիտանիայում: Բիզնես մեկնաբան Ջոնաթան Փրինի հոդվածում նշվում է, թե Չերչիլը համտեսել է հայկական կոնյակը Ստալինի հյուրասիրությամբ դեռևս 1945թ-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ: Այնուհետև, Երկրորդ աշխարհամարտից հետո Սովետական Միության առաջնորդն ամեն տարի շուրջ 400 շիշ կոնյակ է ուղարկել Չերչիլին: "Այնուհանդերձ, երկար տարիներ բրիտանական հանրությունը զրկված է եղել հայկական կոնյակից, քանի որ դրա արտահանման խիստ սահմանափակ չափաքանակներ են գործել, որոնք հիմնականում պատվիրվել են Կոմունիստական կուսակցության վերնախավի համար",- ըստ panorama.am-ի, գրում է հեղինակը:

 

 

Նշվում է, թե "երկաթե վարագույրի" տապալումից 20 տարի անց առաջին անգամ "Վինորիում" ընկերությունը Լոնդոնում իրացնելու համար ներկրել է 10 000 շիշ կոնյակ: Մեկ շշի միջին արժեքը Լոնդոնում կազմում է 29 եվրո: Ներկրող ընկերության ներկայացուցիչը հույս է հայտնել, թե "Արարատ" ապրանքանիշի կոնյակները մոտ ապագայում վաճառքի կհանվեն ողջ Բրիտանիայում: "Կարծես բոլորն անակնկալի են եկել, որ կոնյակը վերջապես հասանելի է բրիտանական շուկայում: Խմիչքների վաճառքով զբաղվող խանութներն ասում են, թե մեծ պահանջարկ կա, սակայն մարդիկ հիմնականում չգիտեն՝ որտեղից ձեռք բերեն կոնյակը": Հեղինակը հիշեցնում է, որ հայկական կոնյակը, որը եղել է նաև Ագաթա Քրիսթիի և Ֆրենկ Սինաթրայի սիրելի ըմպելիքը, պատրաստվել է Արարատյան դաշտավայրում' 1887 թ-ից սկսած:

 

 

Հայ Հանճարներ