Կիրակնօրյա ընթերցում:
Ավետիք Իսահակյան |ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը Աբու – Լալայի' աղբյուրի նման մեղմ կարկաչելով'
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:
Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր' ողողում էին դաշտերը անդորր:
Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ' սիրո արցունքով:
Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:
Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն' աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:
Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:
Եվ քարավանը' օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:
- Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, -
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:
Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն,
Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:
Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:
Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու,
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն - ատելությամբ սրիտս է եռում:
Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում,
Մարդկային հոգում' զազիր ու նանիր' համրել եմ հազար գարշանք ու նողկում:
Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:
Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:
Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ' վայրի ու բոցոտ,
Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:
Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:
Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:
Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես
Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-
Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:
Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… -
Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:
Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ,
Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:
Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս – հեռաստանը:
ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
Փոշի էր հանում, - փոշու քարավան, որ վարում էր լուռ' խորշակն հուր շնչով:
- Քայլիր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը, -
Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
Թողել ենք այնտեղ կի՞ն - աստվածային, սե՞ր - երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:
Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին,
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:
Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ:
Դու տենչացել ես լույս - ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-
Բայց սերը կնոջ' տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:
Ոհ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
Դու, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:
Ատում եմ սերը' մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:
Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
Ատում եմ կնոջ' տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:
Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա, -
Փախչում եմ նրա ճահիճ - մահիճից, և անիծում եմ երկունքը նրա:
Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի,
Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի:
Սրիկա է նա ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի'
Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:
- Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն' չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ, -
Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:
Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա,
Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:
Կըգգվեմ վայրի տատասկը դժնի և կըհամբուրեմ փշերը նրա,
Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա: -
Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:
Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ – հատ հնչուն արցունքներ,
Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:
Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:
Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:
Հյուսվելով անծիր ճանապարհի հետ' լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:
Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսումափսոսում թողած – լքածին,
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:
ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:
Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը' չքնաղ, լուսավառ'
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:
Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան' ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:
Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ' օրորվում էին ճամփեքի վրա:
Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն, -
- Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի' անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:
Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր - բյուր ձևերով' անդուլ ու անխոնջ' այսպես թովչանքով:
Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա,
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:
Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:
Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:
Կյանքը երազ է, աշխարհը' հեքիաթ, ազգեր, սերունդներ - անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:
Կույր ու գուլ մարդիկ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն' ահավոր ջեհնեմ:
Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:
Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե - կավլե պիղծ հետքերը ձեր:
Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար' երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա: –
Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն' աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:
Եվ արար - աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային,
Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:
- Գնա, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս – ղողանջի հետ,
Վիշտս տուր հովին, քայլիր բնության ծոցը մայրական, և մի նայիր ետ:
Տար ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր,
Սուրբ մենակություն, դու, իմ օազիս, դու, երազների աղբյուր զովաբեր:
Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս' աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:
Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ' լացող հավիտյան,
Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման:
Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության,
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:
Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք,
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:
Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն' մեծ ազատության' անհուն, անտարած: -
Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:
Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի,
Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:
Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եվ քարավանը' օրոր ու շորոր քայլում է անդորր փիրուզյա հեռուն…
ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Գիշերն ահարկու' և սև, և հսկա մի չղջիկի պես թևերը փռեց,
Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ:
Եվ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով,
Չէին շողշողում լուսինն ու աստղեր, խավարն' ասես թե' պատած խավարով:
Եվ հողմերն ահեղ' նժույգների պես' սանձարձակ, վայրի արշավում էին,
Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին:
Եվ մահասարսուռ շառաչում էին, և աղաղակում հազար ձայներով,
Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում – ոռնում հողմի բերանով:
Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս
Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե' մի սիրտ լաց լիներ անհույս:
- Գնա, քարավան, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը. –
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու - Մահարին, մեծ բանաստեղծը:
Շաչեցեք գլխիս, ամեհի հողմեր, դուք, մրրիկներ, պայթեցեք գլխիս,
Ես բաց ճակատով ձեր դեմ եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցեք ճակտիս:
Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում,
Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իմ նմաններին է միշտ պատառում:
Իմ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երդըդ հայրենի,
Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին:
Արշավեք հողմեր, իմ հոր տան վերա, քանդեք, ավերեք հիմերը նրա,
Եվ փոշին ցրեք մեծ աշխարհով մեկ, - անծայր ճամփան է իմ տունը հիմա:
Մանկությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ - վրանս հայրական,
Եվ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը' ուղիս անկայան:
Դու, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք,
Տար ինձ, իմ սիրտը' հավիտյան լացող' այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ:
Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը' ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամըդ և թե թշնամիդ:
Բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես' կմոռանան քեզ:
Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ,
Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան:
Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի:
Ի՞նչ է ընկերը և բարեկամը' նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:
Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և սեր, և հավատ:
Բարեկամն ի՞նչ է - լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ,
Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա: -
Հողմերն անհեթեթ ջինների նման' Աբու – Լալայի խոժոռուն դեմքին
Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին:
Եվ քղանցքներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու – Լալայի
Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ ղողանջյուններով հուզված զանգերի:
- Ի՞նչ է ընկերը… - կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու - Մահարին. –
Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող… Թռիր, քարավան, ընկեր մտերիմ:
Եվ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան,
Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:
Եվ ինչ ենք թողել, ի՞նչ կա մեր ետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից,
Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն… Թռիր, հեռացիր բոլոր - բոլորից:
Եվ ի՞նչ է փառքը. - այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն:
Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց – վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:
Եվ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և հանճար, և սեր, -
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:
Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի
Բռնության խարիսխ, և սուր երկսայրի, և զայրույթի մեջ գազան վիթխարի:
Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ և անհայտն այնտեղ անշղթա գերի,
Երբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:
Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը - ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող' միահավասար և միանման:
Ատում եմ, ավաղ, և հայրենիքը – պերճ արոտավայրը հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ' անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:
Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:
Եվ իրավունքը, և օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:
Յոթն անգամ ահա ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:
Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,
Իր անցած ուղին' ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:
Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:
Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,
Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:
Եվ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն,
Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու' ոչնչություն:
Եվ նզովում եմ իշխանությունը' հազարաճիրան մոլի բորենին,
Իր ամեն քայլը' արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:
Ապիկար մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք - իշխել, խողխողել իր նմաններին:
Տար ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ,
Տար ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ: -
Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի
Եվ արշավասույր' փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:
Եվ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում,
Եվ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:
Վազում էր, թռչում, զրընգ, հա զրընգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն,
Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն: