Ասում են՝ Վլադիմիր Պուտինի ժողովրդականությունը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նոր ռեկորդեր է արձանագրում: Նրա վարկանիշը գերազանցել է անգամ սիրիական կառավարական ուժերի ավանդական դաշնակիցը հանդիսացող լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահի ժողովրդականությանը, որը Լիբանանին զուգահեռ, Սիրիայում ևս աննախադեպ աճել է հատկապես սիրիական քաղաքացիական պատերազմի վերջին 3 տարիների ընթացքում:
Ասում են նաև, որ Դամասկոսի փողոցներում, տարբեր հասարակական օբյեկտներում, գովազդային վահանակների վրա բավական հաճախ կարելի է հանդիպել Ռուսաստանի նախագահի դիմանկարները կամ նրա պատկերով հուշանվերներ: Ավելին, նաև կատակում են, որ վարկանիշի տեսակետից հատկապես կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող շրջաններում Բաշար ալ-Ասադն արդեն լուրջ մրցակից ունի:
Ինչ խոսք, Պուտինի նման բարձր ժողովրդականությունը նաև Սիրիայում, անշուշտ, կարելի է պայմանավորել սիրիական հակամարտությանը ռուսական օդատիեզերական ուժերի ակտիվ մասնակցության և դրա ազդեցությամբ՝ կառավարական ուժերի գրանցած հաջողությունների հետ: Մինչդեռ, իմ կարծիքով, Ռուսաստանի նախագահի վարկանիշի նման ցուցանիշներն առավելապես կապված են արդեն շուրջ 5 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հորձանուտում խեղդվող սիրիացի ժողովրդի մոտ խաղաղության հաստատման հույսի գոնե մշուշոտ հեռանկարով, որի հաստատման հնարավորության հարցում անչափ կարևոր դերակատարություն ունի ՌԴ բարձրագույն ղեկավարությունը:
Արմեն Պետրոսյան