Թուրքիայի և Բուլղարիայի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել: Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Թուրքիա և երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի Կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին հայտարարել «persona non grata»' պահանջելով լքել երկիրը: Թուրքական մամուլի համաձայն' սրան ի պատասխան էլ Անկարան «persona non grata» է ճանաչել Ստամբուլում Բուլղարիայի հյուպատոսին' կրկին պահանջելով լքել երկիրը:

 


Բուլղարական մամուլը նշել է, որ Էմիրօղլուին երկրից արտաքսելը պայմանավորված է Բուլղարիայի մուսուլման բնակչության շրջանում ինչ-ինչ գործողություններով: Բայց խնդիրը կապված է ավելի խորքային պատճառների հետ, ինչը վերաբերում է Բուլղարիայում գործող « Իրավունքների և ազատության շարժում» թուրքական կուսակցության որոշ ներկայացուցիչների գործողությունների հետ: Բուլղարական ռադիոյին տված հարցազրույցում քաղաքական փորձագետ, Բուլղարիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Կիրչո Կիրովի համոզմամբ' հյուպատոսության թուրք աշխատակիցը գործել է թուրքական հատուկ ծառայությունների ու պետության ուղղորդմամբ:

 

Լևոն Հովսեփյան