ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ արտահերթ նիստում շատ վատ և վտանգավոր հայտարարություն արեց.
«Ուժերի մեկտեղումն այս փուլում մենք դիտարկում ենք գործնական քայլերով մեր քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն»:

 


Կներեք, ինչ առաջացնելու՞՝ հու՞յս, սպասումնե՞ր: Նորի՞ց հույս ու սպասումներ, կրկին հու՞յս ու սպասումնե՞ր: Դուք, եթե չեմ սխալվում, քաղաքական կուսակցություն եք, ոչ թե հոգեբան և առավել ևս՝ ոչ հոգևորական: Քանի որ դուք Հայաստանի հանրությունը, ինչքան հասկացա, բացարձակապես չեք ճանաչում, ասեմ, որ մարդիկ մեր երկրում վաղուց քաղաքական ոչ մի ուժի հետ որևէ հույս չեն կապում և ապագայի նկատմամբ դրական սպասումներ արդեն երկար ժամանակ է, ինչ չունեն:
Իսկ եթե նույնիսկ Դուք կարող եք մարդկանց տալ հույս և սպասումներ, ապա չե՞ք կարծում արդյոք, որ դա շատ, շատ քիչ է կոալիցիա կազմող կուսակցության համար:
Նման հայտարարություն անելուց հետո Դաշնակցությունը Հայաստանում վերանում է որպես կուսակցություն:

 


Այդպես վերացավ նաև «Ժառանգությունը», որի առաջնորդը քաղաքական ելույթի փոխարեն ինքնահաստատման նպատակով բարոյախրատական ճառեր էր արտաբերում, այդպես է վերացել «Օրինակ Երկիրը», որն առաջնորդվում էր «Հայաստանում քաղաքականությունը, այո՛, պոռնկություն է» կարգախոսով, այդպես վերացավ նաև Դաշնակցությունը, որը վերածվեց մարդկանց «հույս ու սպասումներ» տվող աղանդի:
Հ.Գ. Մի հարց է մնում պարզել, թե Ձե՞զ ով է հույս տալիս, եթե ընդդիմությունից և ժողովրդից հույսներդ արդեն կտրել եք: Ինչ-որ մեկը Ձեզ ասում է, չէ՞- «Տղե՛րք, լավ կլինի»:
«Ասա՝ ով է քեզ հույս տալիս, ասեմ՝ ումից ես կախված դու»:

 

Մովսես Դեմիրճյան