Հասարակական գործունեությունն արդյունավետ իրացնելուն էապես նպաստում է ապաքաղաքական գործունեությունը, այն պատճառով, որ քաղաքական ուժերը որևէ նախաձեռնության մեջ չեն տեսնում մրցակից կուսակցության կամ քաղաքական հայացքների ներգրավվածություն, և ըստ էության գործողություններն իրականացնում են՝ ելնելով բացառապես համապատասխան առաջարկության բովանդակությունից. ավելին՝ ապաքաղաքական գործունեությունը նպաստում է նաև ազատ և անկաշկանդ համագործակցությանը ինչպես իշխանական, այնպես էլ ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ: Սակայն որքան էլ հասարակական սեկտորը գործի ապաքաղաքական, այդուհանդերձ թեկուզ դիտորդի կարգավիճակով չի կարող չհետևել քաղաքական գործընթացներին՝ թեկուզև հենց նույն հասարակական գործունեության արդյունավետ իրացման տեսանկյունից:

 

Պատճառը մեկն է. որքան էլ գործադիր իշխանության տարբեր օղակներում առկա են թերություններ, այդուհանդերձ չի կարելի բոլոր օղակներին միևնույն հարթության վրա քննարկել, ի դեպ ինչպես նախարարությունների կամ պետական լիազոր մարմինների ընդհանուր գործունեության տեսանկյունից, այնպես էլ վերջիններիս ղեկավարների: Էականորեն տարբերվում են ինչպես կառույցների ձեռքբերումները, այնպես էլ համագործակցության պատրաստակամությունն ու առկա խնդիրների նկատմամբ սրտացավությունը: Նաև տարբեր կերպ են երկխոսում կամ արձագանքում քննադատություններին: Թերևս այս իմաստով էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Կառավարության նիստում ՏԿԱԻՆ-ը կրկին կիսելու գործընթացը կարծես առաջին իրական ազդանշանն էր, ու անկախ այն հանգամանքից, որ ընդամենը մեկ տարի առաջ արդյունավետ կառավարման նպատակով միավորված կառույցն այժմ էլ միևնույն՝ արդյունավետ կառավարման նպատակով կիսվում է, ինչն իր հերթին առաջանելու է մի շարք նոր աշխատատեղերի ստեղծում այն պարագայում, երբ ըստ էության համաձայն որդեգրած քաղաքականության շարժվում ենք կրճատումների ուղիով, այդուհանդերձ կարելի է նկատել, որ ՏԿԱԻՆ-ն ըստ էության այս տարիների ընթացքում արտակարգ իրավիճակների կառավարման տեսանկյունից ավելի լավ արդյունքներ է արձանագրել և կիսումը կարող է արդյունքներ ապահովել:

 


Սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր է նաև մամուլում քննարկվող արդարարդատության և էկոնոմիկայի նախարարության խնդիրը: Եթե արդարադատության նախարարության հետ համագործակցության փորձը դեռևս բացակայում է, ապա էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությունն ըստ էության չի ստացվել: ինչևէ, որևէ երաշխիք չկա, որ արդարադատության նախարարության հետ կստացվի, սակայն քանի դեռ չենք փորձել, չենք կարող պնդել հակառակը, բայց այն, որ էկոնոմիկայի նախարարության հետ չի ստացվել, արդեն կայացած փաստ է:
Հուսանք փոփոխությունները ոչ միայն հույս կտան, այլև հնարավորություն՝ գրանցելու իրական ձեքբերումներ, առավել ևս, որ որոշ գերատեսչությունների հետ նման դրական փորձ կա:

 

Բաբկեն Պիպոյան