Թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքոմանական բնակավայրերի պարբերական ռմբակոծությունները Թուրքիայում հանգեցրել են ազգայնական տրամադրությունների «պայթման»:
«Գորշ գայլերի»՝ մարդասիրական գործունեությամբ զբաղվող անդամներից Քյուրսաթ Միչանը նշում է, որ նոյեմբերի 24-ից սկսած (թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման ամսաթիվը)՝ «թուրքոման եղբայրներին» աջակցություն ցուցաբերելու նպատակով Սիրիայի տարածք մեկնել ցանկացողների թիվը վերջին ամիսներին հասնում է տասնյակ հազարների: Ըստ թուրք ակտիվիստի, երբ թվաքանակը հասավ 12 հազարի, իրենք դադարեցրին հաշվարկը, և եթե որևէ մեկը լրջորեն զբաղվի այդ գործով, առնվազն 10 հազար կամավորի հնարավոր է ուղարկել Սիրիայի տարածք:
Հայտնի է, որ սիրիական տարաբնույթ հակակառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կառույցների շարքերում կռվում են հազարավոր թուրք իսլամականներ, իսկ վերը նշված ժամանակահատվածում Սիրիայի հյուսիս մեկնած թուրքերի հայտնի թիվն անցնում է 500-ից:
Մի կարևոր հանգամանք՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո Արաբական հանրապետության տարածք մեկնողների շրջանում գերակայում է ազգայնական արժեքների մոտիվացիան, ի տարբերություն նախկինի՝ կրոնամոլության:
Եվ վերջապես, նաև չի բացառվում, որ եթե Սիրիայում ռազմական իրավիճակը գնա թեժացման ճանապարհով, ու ձգձգվի նաև կոալիցիոն ուժերի ցամաքային ներխուժման հնարավորությունն, ապա թուրք կամավորներին Սիրիա «գործուղելու» թաղաքականությունը, նախկինի՝ հումանիտար օգնության քողի ներքո իրականացվող նմանատիպ ոչ զանգվածային միջոցառումների փոխարեն, կարող է վերածվել թուրքական իշխանությունների կողմից ընդունվելիք նոր մարտավարական մոտեցումներից մեկը:
Արմեն Պետրոսյան