Չկա ոչ մի երաշխիք, որ ինչ-որ մեկի մտքով չի անցնի Օպերայի տեղը սուպերմարկետ սարքել
«...Մեկ այլ հարց. բա մինչև հիմա ինչո՞ւ այսպես չէին ընդվզում նշված հարգելի հայրենակիցները, անխուսափելի է: Բայց սա, երևի այն դեպքերից է, երբ ասում են՝ լավ է՝ ուշ, քան… ավելի ուշ:
Հարկավ, դեռ անցյալ տարի, երբ հերթական անկապ բետոն-ապակի արկղաշինության համար ավերվեց Աֆրիկյանների տունը, առիթ կար այսպես համախմբված բորբոքվելու և պահանջելու: Առիթ կար, առհասարակ, վերջին 15 տարիների ընթացքում, երբ, ըստ էության ու գրեթե՝ հիմնովին բնաջնջվեց այն ամենը, ինչն անվանում ենք՝ հին Երևան: Սակայն չես կարող կռահել, թե մտավորական մարդու համբերության բաժակը հատկապես որ կաթիլից կլցվի: Թերևս Արամի 30 հասցեում գտնվող, հուշարձան չհամարվող, բայց հին ու արդեն շատերի հայացքին հարազատացած շենքի ոչնչացումը այդ «վերջին» կաթիլը եղավ, չհաշված արդեն նույն հատվածում գտնվող մի շարք այլ հին տների (շենքերն) ավերելու հեռանկարը:
Մեծ հաշվով, էլի ուշ չէ: Դեռ ահագին պահպանելու և պաշտպանելու ենթակա բաներ կան և ոչ միայն արդեն խիստ հատուկենտ հին շենքերի շարքում: Մարզահամերգային համալիրը պաշտպանության կարիք ունի, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, ի՞նչ իմանաս, միգուցե նաև Օպերայի շենքը, չենք խոսում արդեն՝ Մատենադարանի, Հրապարակի ու այլևայլ կառույցների մասին: Առանց կատակի. չկա ոչ մի երաշխիք, որ վաղը, մյուս օրը ինչ-որ մեկի մտքով չի անցնի Օպերայի տեղը սուպերմարկետ սարքել…»
Արմեն Հակոբյան