Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրվա հերոսը Ռուսաստանն էր։ Բացասական հերոսը։ Դատելով այսօր հնչած հայտարարություններից՝ վստահ կարելի է ասել, որ Արևմուտք֊Ռուսաստան հարաբերություններում առողջ տրամաբանությունն իսպառ բացակայում է։ Կողմերը միմյանց չեն լսում, չեն հասկանում, չեն ուզում հասկանալ։
Օրվա հիմնական երկու ելույթների հեղինակները Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էին։ Առաջինը զգուշացրեց եվրոպական երկրներին, որ Ռուսաստանի հետ հակամարտությունն անհեռանկարային է և վտանգներով լի, երկրորդն ասաց, որ արխային լինեն՝ ԱՄՆ֊ն մեջքներին կանգնած է։
Համաժողովում հանդես եկող և ոչ մի գործիչ, իհարկե բացի Ռուսաստանի ներկայացուցիչներից, գոնե ձևի համար չփորձեց պաշտպանել պաշտոնական Մոսկվայի շահը։ Ռուսաստանին հիշացրին թե՛ 2008թ. ռուս֊վրացական պատերազմը, թե՛ Ղրիմը, թե՛ Սիրիայի ներկայիս զարգացումները։ Լեհաստանն ու Բալկանյան երկրները հայտարարում են ռուսական սպառնալիքի մասին։ Ռուսաստանի գործողությունները մերձավոր Արևելքում համեմատվում են Իսլամական Պետության չարագործությունների հետ։ Հայտարարվում է Ռուսաստանի մեկուսացման միասնական քաղաքականություն մշակելու անհրաժեշտության մասին և այլն, և այլն։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա անդունդը շարունակում է խորանալ՝ հետզհետե իր մեջ քաշելով նորանոր ոլորտներ։
Հրանտ Մելիք-Շահնազարյան