Խորհրդանշական է, որ 1921 թվականին Մոսկվայում կնքված բոլշևիկա-քեմալական պայմանագրի չեղարկման առաջարկով հանդես է եկել հենց այն կուսակցության ներկայացուցիչը, որի պարագլուխներն էլ ժամանակին այդ պայմանագիրը ստորագրելով հանձն առան դրա հակահայկական դրույթների իրականացման մասով ապահովել Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությունն ու հնազանդությունը: Եթե ռուսական կողմը պաշտոնապես չեղարկի այդ պայմանագիրը, ապա դա կդառնա մեր տարածաշրջանում անկայունության ծավալման խթան հանդիսացող գործողություն:
Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ, այդուհանդերձ, Կրեմլի կողմից այդ պայմանագրի չեղարկումն ընդամենը կոնֆլիկտածին գործընթացների ծավալման համար նախադրյալներ ստեղծող մի քայլ կդառնա, իսկ իրական խառնաշփոթը կսկսվի միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դուրս գա Կարսի պայմանագրից:
Պաշտոնական Երևանը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկի ռուս կոմունիստների այս նորօրյա նախաձեռնությունը ու գտնի դրանից բխող մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք հակազդեցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու ռազմական լուծումները:
Արման Մելիքյան