Երբ Մուրացանի «Առաքյալը» վիպակում հերոսը՝ Կամսարյանը այցելում է Սևանի կղզի, այլևայլ հնությունների շարքում նրան ցույց են տալիս կղզու ամենաթանկ մասունքը: «Միակ արժանիք ունեցողը' սեղանի առաջ դրված Կոթա սուրբ նշանն էր, որ հայտնի էր յուր բազմադարյան հնությամբ: Դա պարզ երկաթից շինված մի խաչ էր, կես կանգուն երկարությամբ և թևերին ուներ մի- մի հատ ոչ մեծագին քարեր: Աբեղաները բացատրեցին, որ այդ խաչը, ըստ ավանդության, պահում է յուր մեջ մի կտորը այն երկաթե տաշտի, որի մեջ կույս Մարիամն լողացնելիս է եղել մանուկ Հիսուսին և թե դա համարվում է Սևանա անապատի ամենամեծ սրբությունը»:
Նկարագրությունն անսխալ էր: Մասունքը Սևանա կղզում պահվել է դարեր շարունակ: Պատմիչները գրում են, որ 874 թ. այստեղ ուխտի է գալիս հայոց իշխանաց իշխան Աշոտը և հենց նա էլ բազում նվերների հետ վանք է բերում Կոթա Սուրբ Նշանը: Մասունքի մասին ականատեսների բազում վկայություններ են պահպանվել՝ սկսած 1661 թվականից, երբ թիֆլիսաբնակ Չթչյան եղբայրները ուխտի են գալիս կղզի և ստանձնում են տեղի կիսաքանդ եկեղեցու վերանորոգման հովանավորությունը: 1897-ին Գարեգին Հովսեփյանի ցուցումով ազգագրագետ Երվանդ Լալայանը ցուցակագրում է Սևանի շրջանի բոլոր սրբությունները, և դրանց շարքում էր նաև Սուրբ Նշանը:
Իսկ ահա մեկ այլ վկայություն էլ մեզ թողել է Վահան Աֆրիկյանը: Մեջբերեմ նրա հետաքրքրական պատմությունը. «... Առհասարակ ամառվա ընթացքում քիչ էր պատահում, որ այս սուրբ Նշան մասունքը վանքում լիներ, որովհետև հայկական գյուղերց գալիս և իբրև չարխափան տանում էին այն իրենց մոտ: Այդ անում էին մեծ մասամբ այն գյուղերը, որտեղ երաշտ, մուկ, ժանտախտ կամ առհասարակ որևէ աղետ էր պատահում:
Հիշում եմ, մի տարի Նոր Բայազետում սոսկալի երաշտ էր: Ամբողջ ամառվա ընթացքում մեկ կաթիլ անձրև չկար: Արևի ջերմությունից ծաղկավետ սարերը, կանաչազարդ դաշտերը չորացել, անապատի էին վերածվել: Քաղաքի բնակչության պահանջով Սևանից բերեցին «Սուրբ Նշան» մասունքը: Դիմավորման համար քաղաքից դուրս եկավ հոգևորական դասը՝ բազմահազար ժողովրդի հետ: Այդ ժամանակ երկնակամարի վրա սկսեցին ամպեր հավաքվել, ու երկինքը հետզհետե մթագնեց: Կրոնական արարողության ժամանակ, երբ հոգևորականությունը ժողովրդի հետ ծունկի եկավ և «Տէր Ողորմեա»-ն սկսեց երգել, սկսվեց անձրևը, իսկ վերադարձին մինչև մեր տուն հասնելը, սկսեց տեղատարափ անձրև թափվել: Թերևս այս երևույթը պատահմունք էր, բայց հավատացյալ ժողովուրդը նման երևույթներ պատահմուքով չի բացատրում...»:
© Հովիկ Չարխչյան