Այն, որ Ֆրունզիկին սիրում են բոլոր գյումրեցիները, բացահայտվում է շատ վաղ հասակում։ Ամբողջ Գյումրին իր բազում ու անհամար սիմվոլներով ու արժեքներով պարծենալուց հետո քաղաքի հյուրերին է հրամցնում թերահավատ հայացքները անմիջապես վերացնող Մհեր Մկրտչյանի անունը։ Նրա նկարը շատ տեղերում է հանդիպում։ Անգամ զորամասերում նրա թախծոտ-ուրախ դեմքն ունի իր պատվավոր անկյունը․․․

 


Գյումրիի Վարպետաց փողոցում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի անձնակազմը, չնայած սուղ միջոցների և օրվա մեջ խստորեն խնայվող հոսանքով կիսատաքացվող հնարավորության՝ ժպտադեմ է ու պատրաստակամ այցելուներին պատմելու ֆանտաստիկ արտիստի գործունեության ուշագրավ դրվագները։
Թանգարանում իսկապես Ֆրունզի շունչը զգացվում է, մանավանդ, երբ տնօրեն տիկին Շողիկը 3D եղանակով պատմում է յուրաքանչյուր էքսպոնատին առնչվող լեգենդար պատմություն։ Ուշադրություն է գրավում հատկապես մեխից կախված տերողորմյան՝ թզբեհը, որն, ըստ թանգարանի տնօրենի, 20 հազար դոլարից բարձր է գնահատվում իր մոգական ուժի և յուրահատուկ քարերի շնորհիվ։ Որդիս, լսելով համրիչի գինը, ինձ շշուկով զգուշացնում է․ «Հայրի՛կ, ասա, թող էլ չասի, բա, որ մեկը գողանա»․․․ Երևան վերադառնալու ճանապարհին Ալեքսանդրին բացատրում էի, որ իր տեսած բոլոր իրերն էլ անգին են ու դժվար մեկը գտնվի, որ համարձակվի գողանալ․․․

 


Հպարտության հետ մեկտեղ տխրելու առիթները նույնպես շատ են, մանավանդ, որ պահպանման ենթակա ֆիլմերից մեզ հայտնի ու հարազատ դարձած շատ իրեր ու հագուստներ վտանգման եզրին են՝ պատշաճ պահման պայմաններ չապահովելու հետևանքով։
Թանգարանից մտախոհ դուրս չգալն անհնար է։ Բայց պարզվեց, որ վերադառնալու ու փիլիսոփա-արտիստի տունը բարեկարգելու պարտավորության զգացումը հոգին թեթևացնելու լավագույն հուշումն էր․․․

 

Հովհաննես Մանուկյան