Պատերազմի և քաղաքական իրատեսության միջև... Ներկայիս լարված ռուս-թուրքական հարաբերությունները ակամա հիշեցնում են մեզ 1-ին աշխարհամարտի ժամանակաշրջանի դրամատիկ զարգացումները: Այն ժամանակ նույնպես մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընդանում էին ազդեցության ոլորտների վերաձևման բուռն գործընթացներ, որին ցավոք ակամա ներքաշված դարձավ անկախություն չունեցող հայ ժողովուրդը: Իսկ դրա գինը եղավ Արևմտյան Հայաստանի հայրենազրկումը և հայերի պատմական հայրենիքի մեծ մասի անդառնալի կորուստը: Կարծում եմ, սա պատմության այն դաժան դասն է, որը մենք պետք է մշտապես հիշենք և զգոն լինենք, իրատեսորեն ընկալելով արտաքին քաղաքական զարգացումները և երբևիցե կրկին չընկնելով զգացմունքային մտածելակերպի ոլորտ, մանավանդ, որ ներկայումս լավ թե վատ' գոնե հայկական անկախ պետականություն ունենք:

 

 

Իսկ 1-ին աշխարհամարտի հենց սկզբից հայերն անվերապահորեն ապավինել էին միայն ռուսական կողմի «բարյացակամության» վրա, որը պարզվեց շատ հեղհեղուկ հասկացություն էր' մանավանդ նման արյունալի պատերազմի պայմաններում: Ինչպես այդ դեպքերի ականատես պատմաբան Լեոն էր իր հուշապատումում իրավացիորեն նշում' սթափ, զգուշավոր և իրատեսական մտածելակերպով մարդկանց համար միանգամայն պարզ էր, որ հայերի' «ռուսական սվինների վրա նստելը» հավերժ չէր կարող տևել, և «մի օր այդ ռուսական սվինները պիտի հեռանային Կովկասից, և այն ժամանակ հայերը պիտի իրենց տեսնեին միանգամայն մեկուսացած» և խաբված:

 

 

Ինչո՞ւ 1915-ին հաղթանակած Վանը չկարողացավ պահել իր մեծ հաղթանակը' այդ հարցը մինչ հիմա լիարժեք կերպով լուսաբանված չի: Չէ որ հարյուրամյակների անկախության կորստից հետո՝ հայերը զինված պայքարի արդյունքում կարողացան ստեղծել առաջին ինքնիշխան տարածքային միավորը իրենց իսկ պատմական բնօրրանում: Իսկ ռուս-թուրքական պատերազմին ռուսների կողմից հայերի մասնակցության պայմանը ի սկզբանե հենց արևմտահայերի ազատագրման տեսլականն է եղել, որի մասին անձամբ հայտարարել և հավաստիացրել էր ռուսական ցար Նիկոլայ 2-ը 1914 թ. աշնանը Թիֆլիսում՝ ամենայն հայոց կաթողիկոսի, հայկական ազգային կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև հրապարակել այդ մասին հայերին ուղղված հատուկ կոչ-հրովարտակ:

 

 

Եվ ահա ռուսական զորքը հասել էր վերջապես Վան և ոչ մի խանգարող հանգամանք այլևս չկար իրագործել ռուսական ցարի հայերին տրված այդ բոլոր «խոստումները»: 1915 թ. մայիսի 7-ին հռչակվեց Վանի ինքնավար հայկական նահանգապետությունը, և Վանի նահանգի կառավարիչ նշանակվեց Արամ Մանուկյանը, որն էլ անմիջապես ձևավորեց բացառապես հայերից կազմված Վանի գործադիր կառավարությունը: Բայց Վանի հայկական ինքնավարությունը գոյատևեց ընդամենը 70 օր՝ քանի որ այդ ամենն անհամատեղելի էր իմպերիալիստական պատերազմի մեջ մտած Ռուսական կայսրության հեռահար ռազմավարական նպատակների հետ: Ռուսական զորախումբը' իրենց ողջ զինանոցով և պարենով, անսպասելի և չպատճառաբանված լքեց Վանի նահանգի սահմանները, որից հետո անզեն հայ բնակչությանը մնում էր միայն հեռանալ իր հայրենիքից: (Նկարում՝ Վանի հերոսամարտի հրամանատարներն են, ձախից երկրորդը' Արամ Մանուկյանը:)

 

 

Ռուբեն Շուխյան