Կյանքը ինձ համար գինով լի մի գավաթ էր, և ես ճաշակում էի նրա վայելքները, բայց այն օրը, երբ հայտնվեցի բանտում, հասկացա, թե ինչու շատ մարդիկ ապրում են այս աշխարհում' մտածելով ինքնասպանության մասին: Անցյալում իմ ամբողջ կյանքը պատկանում էր վայելքին, ես փախչում էի տառապանքից և դժբախտություններից, դրանք տեղ չունեին ոչ իմ կյանքում, ոչ իմ փիլիսոփայության մեջ, մինչդեռ դատապարտվելով և ամեն ստորացում ապրելուց հետ, ես ճանաչեցի և խոնարհվեցի տառապանքի առջև: Եկավ այն պահը, երբ տառապանքը ինձ համար դարձավ միակ ճշմարտությունը, մնացած ամեն ինչ ցնորք է: Տառապանքն է միակ ուղին, որ տանում է դեպի արվեստի մեծագույն հայտնաբերումը: Տառապանքն է, որ մեզ հավասարեցնում է Աստծուն. նա, ով տառապում է, ուրեմն գիտե Աստծու ցավն ու գաղտնիքը: Միայն աղքատները, թշվառներն ու բանտարկյալները գիտեն, թե ինչ բան է խիղճը, քանի որ այն չի կարող մտնել հարուստների սիրտն ու թագավորների պալատները…

 

 

…Մենք դեռևս միշտ չէ, որ հասկանում ենք ինքներս մեզ, իսկ ուրիշներին՝ ավելի հազվադեպ: Փորձը չունի բարոյագիտական ոչ մի նշանակություն: Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին: Բարոյագետները, որպես կանոն, փորձի մեջ միշտ նախազգուշացման միջոց են տեսել և համարել են, որ դա ազդում է բնավորության ձևավորման վրա: Նրանք փառաբանում էին փորձը, քանի որ փորձը մեզ սովորեցնում է ինչին հետևել և ինչից խուսափել: Բայց փորձը շարժիչ ուժ չունի: Նրա մեջ գործնականը նույնքան քիչ է, որքան և մարդկային գիտակցության մեջ: Իրականում նա միայն ապացուցում է, որ մեր գալիքը սովորաբար նման է մեր անցյալին, և եթե մի անգամ մեղանչել ենք դժկամությամբ, դա կրկնում ենք կյանքում բազմաթիվ անգամ, բայց արդեն բավականությամբ…

 

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

 

Սիրարփի Մարգարյան