Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը: Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում էին վեհափառի աջը:
Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր-ինչ հանդարտվում է, Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»: