«Մի օր էլ ապրեցի...»

Գործի գնալու ճանապարհին մտա սուրճ վերցնեմ: Քաղցրավենիքի բաժնում փոքր հերթ էր: Ես էլ մյուսների հետ կանգնած սպասում եմ: Ինձ մոտեցավ մի ալեհեր տիկին: Առաջին հայացքից պարզ էր, որ նա իր այդ հագուստը լավագույն դեպում գնել է ԽՍՀՄ տարիներին: Նա շատ նիհար էր, օպտիկական ակնոցներով ու դողացող ձեռքերով, բավական դժվար էր քայլում:

Հերթում կանգնած ժամանակ նկատեցի, որ տիկինը մտքում անընդհատ ինչ-որ բան էր հաշվում. պարզ էր որ ինչ-որ թվեր է հանում ու գումարում:
Երբ հերթս եկավ, ես այն զիջեցի տիկնոջը: Իրականում նա դա չնկատեց էլ, քանի որ տարված էր իր հաշվարկներով: Մոտենալով վաճառողուհուն հարցրեց. «Աղջիկ ջան դուք պակետիկով թեյ վաճառու՞մ եք»: Դրական պատասխանից հետո՝ ավելացրեց, «Մեկ հատ տուր»: Մի քիչ անսովոր էր լսել, որ կինը միանգամյա օգտագործման պակետիկով մեկ հատ թեյ է գնում: Վերցնելով թեյը, շարունակելով իր հաշվարկները, նա գնաց կողքի բաժին:

 

 

Ես, գնումս կատարելով, հետևեցի նրան, չնայած այդ բաժնից գնում չունեի անելու: Ալեհեր տիկինը, մոտենալով հացավաճառին, ասաց «Ձեր ամենից էժան հացը որն է, մեկ հատ տվեք»: Ամենից էժան հացը արժեր 100 դրամ:
Ես կանգնած լուռ հետևում էի կնոջը հասկանալու համար թե այս ամենի վերջը ինչ է լինելու: Հացի բաժնից հետո նա մոտեցավ մսամթերքին ու վաճառողից խնդրեց մեկ հատ նրբերշիկ:

Աչքերով հետևելով ծեր տիկնոջը, ով բավական դժվար էր կարողանում քայլել, ես նկատեցի նրա ձեռքի կիսաթափանցիկ տոպրակը. այնտեղ կար մեկ կարտոֆիլ, մեկ հաց ու արդեն նաև մեկ նրբերշիկ: Կինը վերցնելով վաճառողից իր վերջին գնումը, գլուխը կախ քայլեց դեպի խանութի դուռը՝ ճանապարհին արտաբերելով... «Մի օր էլ ապրեցի...»:

Փաստորեն դա այդ կնոջ ողջ օրվա սնունդն էր:

 

 

Եթե անկեղծ, չգիտեմ ինչու սա գրեցի. երևի այն պատճառով, որ ամեն օր հազարավոր էսպիսի մարդիկ ենք տեսնում բոլորս: Ես էլ այդ թվում: Շատերը սրան քամահրանքով կվերաբերվեն, շատերը կասեն ռոմանտիզմ է, շատերը առհասարակ չեն վերաբերվի: Լավ կանենք. ձեր գործն է:

Այսօր մեր երկրում ծայրահեղ աղքատ մարդիկ շատ կան: Կարևոր չէ, թե վիճակագրություն ասածն ինչ է այդ մասին ասում: Պետությունը ձեռքերը գործնականում լվացել է իրենցից. ասում է, ոնց կարողանում եք, «յոլլա գնացեք», հիմա վիչակը էս ա:

 

 

Երբ թոշակառու կինը մաքառում է մեկ օր էլ ապրելու համար, դա գնահատական է: Դա շատ լուրջ ու շատ հստակ գնահատական է, որ տարիներ շարունակ միգուցե չի արվել այն, ինչ պետք է արվեր: Քարոզչությունը, բառախաղերը և մանիպուլյացիաները, պատճառներ գտնելը, հղումներ անելը այս դեպում չեն օգնում: Փաստ է, որ մարդիկ գնալով աղքատանում են. մարդիկ այսօր արդեն սննդի խնդիր չեն կարողանում լուծել: Ու այս ամենի ներքո հիմնական հարցադրումը հետևյալն է. լավ, մինչև ե՞րբ...

 

 

Հ.Գ. Բնականաբար ես չեմ նշի, թե ինչ արեցի/չարեցի այդ կոնկրետ դեպքի մասով, բայց հարցը նրանում է, որ ես, դուք, մյուսները ուղղակիորեն չենք հասցնում արդեն մեր ռեսուրսների ներքո այդ մարդկանց օգնել, իսկ նրանք ավելանում են:

 

 

 

Ալեն Ղևոնդյան