ՀՀ-ում արտերկրյա ֆինանսավորմամբ գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը ավելի ու ավելի հաճախակի է դառնում: Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է կարտոֆիլի վերամշակման հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերին: Հանդիպման սկզբում ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը' Յոս դեն Բոերը նախարարին տեղեկացրել է, որ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ խոշոր գործարար Վարդան Սրմաքեշի կողմից իրականացվող Շիրակի զարգացման ծրագրի շրջանակում քննարկվել է մարզում կարտոֆիլի վերամշակման արտադրության կազմակերպման հնարավորությունը:

 


Ըստ «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերի նախատեսվում է կազմակերպել կարտոֆիլի ալյուրի (ֆլեյքի) արտադրություն, որի նպատակով կսպառվի տարեկան շուրջ 70 հազար տոննա կարտոֆիլ: Հիշյալ ծրագրով հետաքրքրված է կարտոֆիլի վերամշակման աշխարհի հինգ խոշորագույն ընկերությունների թվում դասվող հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորմամբ մասնակցել Հայաստանում վերամշակման գործարանի կառուցմանը:
Սերգո Կարապետյանն էլ նշել է, որ կարտոֆիլի վերամշակմանն ուղղված ծրագրի իրականացումը Հայաստանի համար շատ կարևոր է և մեր երկրում տարեկան արտադրվում է շուրջ 750 հազար տոննա կարտոֆիլ, որով մենք կարողանում ենք ոչ միայն ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարել, այլև արտահանել: Կարտոֆիլի վերամշակման կազմակերպումը հնարավորություն կընձեռի հաջողությամբ լուծել դրա պահպանման և հետագա օգտագործման խնդիրը:

 


Հարկ է նշել նաև, որ հաշվի առնելով այն, որ Հայաստանի մարզերի' հատկապես Շիրակի և Գեղարքունիքի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են կարտոֆիլի արտադրության համար' նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում կարտոֆիլի ալյուրի արտադրության կազմակերպումը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև կնպաստի կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացմանը: Հանդիպման ընթացքում հյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Շիրակի մարզ' տեղում արտադրության կազմակերպման համար պայմաններին ծանոթանալու նպատակով:
Նախարարն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում' նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության հարցում:

 

Մարինա Ներսեսյան