Հայկական ֆեյբուքյան տիրույթում հրապարակումներում, այս կամ այն ասուլիսի ժամանակ հաճախակի եմ հանդիպում կարծիքներ առ այն, որ բնակչության 20-30 տարիքային խմբի ներկայացուցիչները կտրվել են իրական աշխարհից ու ապրում են ֆեյսբուքում, ինչպես նաև ամբողջապես «ներքաշվել ու փակվել է» սոցիալական ցանցերում:
Մինչ այս «սարսափազդու» կարծիքներին կհակադրվենք կամ կհամաձայնենք, պետք է ասեմ, որ ինձ մոտ «գազանաբարո» ցանկություն է առաջացել, վերոնշյալ պնդմանը մի փոքր թվային ցուցանիշներով անդրադառնալ և տեսնել ինչն ինչոց է:
Փորձել եմ նախ ինքս ինձ համար հասկանալ, արդյո՞ք մենք՝ 20-30 տարիքային խմբի ներկայացուցիչներս «բանտարկվել ենք» ֆեյսբուքում կամ արդյո՞ք այս տարիքային խումբն ամբողջությամբ է դարձել «գերի», ինչպես շատ հաճախ լսում ենք թե մասնակիորեն:

 


Եվ այսպես, Հայաստանի բնակչության թիվը 2015 թվականի պաշտոնական տվյալներով մոտավորապես 3 միլիոն է: Բնակչության 20-30 տարիքայինները մոտավորապես կազմում են 585000 մարդ:
Քանի որ հիմնականում հրապարակումների մեջ նշվում է կոնկրետ ֆեյսբուք սոցիալական ցանցի անվանումը, ապա «էքսկուրսիան» կանցկացնենք հենց ֆեյսբուքյան տիրույթում:
Հայկական ֆեյսբուքյան օգտատերերի թիվը կազմում է 910 000 մարդ: Միևնույն ժամանակ 20-30 տարեկանների թիվը կազմում է 380000 մարդ:
Վերածենք տոկոսների: Բնակչության ընդամենը 19.5 տոկոսսն են կազմմում 20-30 տարեկանները, իսկ ֆեյսբուքյան տիրույթում նույն տարիքային խմբի մարդկանց տեսակարար կշիռը կազմում է 41 տոկոս:
Այս թվերով իհարկե երևում է, որ ընդհանուր բնակչության մեջ 20-30 տարեկանների թիվն ավելի փոքր է քան ֆեյսբուքյան տիրույթում: Մեր նպատակն է, սակայն, տեսնել, թե իրականում երիտասարդության այդ խումբ ինչպե՞ս է ներգրավված Ֆեյսբուքում: Եվ այսպես 585000 մարդկանցից 380000-ը ֆեյսբուքյան օգտատեր է, իսկ սա կազմում է մոտավորապես 65%:

 


Կարծում եմ, որ 65% ցուցանիշը բավականին պատկառելի թիվ է, սակայն այն կարծիքը, թե մեր բնակչության այս խմբի երիտասարդությունը կտրվել է աշխարհից ու ապրում է ֆեյսբուքում անհիմն է: Նախ այսիպիսի մի նրբություն կամ այսպես ասված չգրված օրենք կա: Հայաստանի տարածքում բացված ֆեյքերն ու «մերսման» ու «գեղեցկության սրահները» հիմնականում գրանցված են տարիքային այս խմբի մեջ: Բացի դա 380000 օգտատիրոջից ոչ բոլորն են ակտիվ օգտատերեր: Այսինքն, Բաղջագուլյան Բաղդագյուլը տարիներ առաջ, հորաքրոջ աղջկա խնդրանքով, գրանցվել է ֆեյսբուքում, մորաքրոջ սկսեսուրի հետ, ով գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում, շփվելու համար, սակայն հիմա վերջինիս ընտանիքին դեպորտ են արել և Բաղդագյուլն այլևս չի օգտվում ֆեյսբուքից: Այսինքն ստացվում է, որ Բաղդագյուլին կտեսնենք ֆեյսբուքյան 20-30 տարեկանների «ցուցակում» (չնայած, որ չի մտել իր հաշիվն արդեն մի քանի տարի), սակայն վերջինս ոչ միայն չի կտրվել է իրական աշխարհից ու չի ապրում ֆեյսբուքում, այլ նաև պատրաստվում է մոտ օրերս մեկնել Մոսկվա արտագնա աշխատանքների:

 

Ինչևէ...
Չեմ ուզում գնահատականներ տալ, թե երիտասարադությունը ֆեյսբուքում գրանցվելով ու ակտիվանալով կտրվու՞մ է իրականությունից, թե ոչ (այս պնդմանը թող հակադրվեն այս տարիքային խմբի այլ ներկայացուցիչներն), սակայն պետք է հստակ փաստել, որ այս խումբը բավականին մեծ ներգրավվածություն ունի ֆեյսբուքում (նախ այն, որ ամբողջ ֆեյսբուքյան օգտատերերի 41%-ն է, նաև բնակչության 20-30 տարեկաններից ընդհանուր թվի 65%-ն է կազմում): Սակայն կարծում եմ, որ սա դեռ չի նշանակում, որ այս տարիքային խումբը ամբողջությամբ է ներգրավված ֆեյսբուքում, իսկ խմբի անդամները ամբողջությամբ կտրվել են իրականությունից կամ ապրում են առանձին խմբերով: :)

 

 

Ռուբեն Խաչատրյան