2009 թվականին սկիզբ առած «Արի տուն» ծրագիրը կշարունակվի նաև այս տարի: Սփյուռքի նախարարության ներկայացրած որոշման նախագիծը տեղ է գտել կառավարության առաջիկա հունվարի 29- ի նիստի օրակարգում:
2016թ. ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել 2009- 2015թթ. ընթացքում իրականացված բոլոր փուլերի արդյունքները: «Արի տունը» նպատակ ունի աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնել Հայաստան- հայրենիքը, աջակցել նրանց հայրենասիրական դաստիարակությանը, ներկայացնել հայ ժողովրդի սովորույթների և ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները, նպաստել սփյուռքահայ երիտասարդության ազգային գիտակցության ձևավորմանը և զարգացմանը, Հայաստան- Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը:

 


2016 թվականին նույնպես ակնկալվում է մինչև 1 հազար 100 պատանի սփյուռքահայի այցելություն Հայաստան: Երիտասարդները նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքում կներգրավվեն երիտասարդ կամավորները:

 


Սփյուռքի նախարարությունը կառավարությանն առաջարկել է հաստատել նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016թ. ծրագիրը և իրականացման միջոցառումների ցանկը: Նախագծի նպատակն է նպաստել սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աջակցել Հայրենիք- Արցախ- Սփյուռք կապերի ամրապնդմանը, համագործակցության նոր ոլորտների ձևավորմանը, սատարել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների մշակութային կապերի սերտացմանը և համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

 

Նարեկ Սարգսյան