Երբ հարուստ մարդը խմող է լինում, ասում են՝ շատ ուտող- խմող մարդ է, երբ քյասիբն է խմող լինում, ասում են՝ հարբեցողի մեկն է․․․
Երբ հարուստ մարդը արտագաղթում է, ասում են՝ բիզնեսները տեղափոխեց արտասահման, իսկ քյասիբը՝ արտագաղթելով ուղղակի լքում է Հայրենիքը։
Երբ հարուստն է շատ երեխաներ ունենում, դա երեխասերությունից է, երբ քյասիբն է շատ երեխաներ ունենում, դա անգրագիտությունից է․․․
Երբ հարուստն է գողանում, նա կոչվում է շուստրի, իսկ երբ քյասիբն է գողանում, երեխաների վիզը ծուռ է մնում․․․

 


Երբ հարուստն է հարկերից խուսափում, դա « օդում կախված լուր» է, երբ քյասիբն է հարկերից խուսափում, դա ժանգոտ բուտկայի պլոմբված դուռ է․․․
Երբ քյասիբն է վերադառնում Հայրենիք, դա հաստատ հայրենասիրությունից չէ, երբ հարուստն է վերադառնում, դա նախնիների կանչն է․․․
Երբ հարուստին տղա է ծնվում, ասում են՝ ժառանգորդ և ծուխը շարունակող է ծնվել, իսկ քյասիբի ծնված միակ տղան նախևառաջ զինվոր է․․․
Երբ երկու քյասիբ զրուցում են իրենց քյասիբությունից, դա ազգային անվտանգության սպառնալիք է, երբ երկու հարուստ են զրուցում, դա Ազգային ժողովի շենքում է․․․

 

 

Տիգրան Ղամբարյան