Մարդ, ով կործանումից փրկեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին... Լուսանկարում մեր մեծ հայրենակից Վիլյամ Սարոյանն է՝ պատկերված քրդական ծագում ունեցող թուրքալեզու գրող Յաշար Քեմալի (1923-2015) հետ 1964 թվականին Ստամբուլում: Յաշար Քեմալը բացառիկ դեր է խաղացել հեռավոր արդեն 1951-ին հայկական ճարտարապետության գլուխգործոց հանդիսացող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից վերահաս ոչնչացումից փրկելու գործում: Այն ժամանակ, երբ նա «Ջումհուրիեթ» թերթի հատուկ թղթակիցն էր և բավականին ճանաչված հրապարակախոս, Թուրքիայի ռազմական գերատեսչությունը ծրագրել էր քանդել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

 

 

Մի գեներալ, ով ներքին կարգով իմացել էր այդ մտադրության մասին, լուրը հասցնում է Յաշար Քեմալին: Նրանք միասին մեծ դժվարություններով կարողանում եմ հասնել Աղթամարի կղզի և այնտեղ աշխատող բանվորներին համոզում կանգնեցնել եկեղեցու քանդման աշխատանքները՝ մինչ հատուկ հրահանգը, որից հետո հանդիպում են նաև տեղական իշխանությունների հետ: Յաշար Քեմալին հաջողվում է (ի պատիվ «Ջումհուրիեթ» թերթի խմբագրի, ով չի վախենում տպագրել այդ նյութը) մի հրատապ հոդված գրել և ջրի երես հանել այդ հրեշավոր ծրագիրը, որի շնորհիվ էլ քանդման աշխատանքները պաշտոնապես կասեցվում են և Սուրբ Խաչ եկեղեցին փրկվում է (հայտնի է նաև, որ Յաշարն ու գեներալը հետո հալածվել են դրա համար): Իր հոդվածով Յաշար Քեմալը կարողացել էր ազդել թուրքական իշխանությունների վրա՝ գրելով, որ Սուրբ Խաչ եկեղեցին ոչ միայն հայերինն է, այլ նաև ողջ Թուրքիայի մշակութային ժառանգությունը, և այդ պատճառով էլ այն պետք է անպայման պահպանվի:

 

 

Դեռ 1973 թ. գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրված Յաշար Քեմալը, 2013-ին Հայաստանի Մշակույթի նախարարության կողմից արժանացավ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի' իր հայանպաստ խիզախ գործունեության համար: Հուշամեդալը նրան է հանձնվել Ստամբուլում գրողի 90-ամյակի կապակցությամբ՝ պոլսահայ համայնքի մշակութային գործիչների ներկայությամբ: «Ես ինքս ծնունդով Վանից եմ և հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ։ Չի կարելի ոչնչացնել քո երկրի պատմությունը՝ դրանով մենք միայն կոչնչացնենք ինքներս մեզ», - ասել էր Յաշար Քեմալը:

 

 

Ռուբեն Շուխյան