Fitch Ratings -ը ամերիկյան կորպորացիա է, որը հիմնականում հայտնի է որպես ռեյթինգային գործակալություն: Այն համարվում է աշխարհի առաջատար երեք վարկանիշային գործակալություններից մեկը, որի նպատակն է համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրել տեղեկատվություն այս կամ այն երկրի տնտեսության ռիսկերի և առկա տարբեր ցուցանիշների վերաբերյալ:
Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը: Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս դրանք կգտնվեն «B+» մակարդակի վրա, ինչը վկայում է կայունության մասին:
Ըստ գործակալության, կայունությունը պահպանվում է մարդկային զարգացման,տնտեսության դիմադրողականության, ներդրումային բարենպաստ միջավայրի, ինչպես նաև կառավարման քաղաքականության շնորհիվ:
Հրապարակված նյութի մեջ խոսվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տնտեսական հարաբերությունների մասին: ՌԴ-ի ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակի հետևանքով զգալիորեն կրճատվեցին ՀՀ հոսող տրանսֆերտները: Տարեվերջում 28 % նվազել էին նաև պղնձի գները: Ըստ մասնագետների, չնայած արտաքին մարտահրավերներին, Հայաստանը կարողացավ պահպանել առևտրաշրջանառության բարձր ցուցանիշները: Արտաքին գործոնները չխանգարեցին Հայաստանին պահպանել իր մուտքը միջազգային ֆինանսական ծրագրերում:
«Ֆիթչ»-ի գնահատմամբ արտահանման դրական ցուցանիշի վրա իր ազդեցությունը ունեցավ թե գյուղատնտեսական արտադրանքի զգալի աճը և թե Թեղուտի հանքավայրի շահագործումը:
Շարունակելով կայունության վրա ազդող գործոնների շարքը, մասնագետների կողմից արձանագրվեց, որ 2014-ի ՀՆԱ-ի 7,3 տոկոս պակասուրդի համեմատ նախորդ տարվա ՀՆԱ-ի պակասուրդը կազմել է 4,3 տոկոս: Նախորդ տարի վերականգնվել են արժույթային պահեստները:
Խոսելով ՀՀ դրամի մասին, նշվում է, որ այն բավականին կայուն էր: 2014-ի հոկտեմբերից մինչև նախորդ տարվա փետրվար ամիսը ինֆլյացիայի մակարդը կազմել էր ընդամենը 1,2% տոկոս:
Ինչ վերաբերում է միջազգային տնտեսական համագործակցությանը, ապա ըստ գործակալության, անգամ ԵԱՏՄ-ի անդամ լինելը չի խանգարել Հայաստանին պահպանել իր մուտքը ԵՄ-ի շուկա:
Նման գնահատականները շատ կարևոր են: Ներդրումային շուկա ընտրելիս, բազմաթիվ գործարարների համար հիմք են հանդիսանում հենց նման կառույցների հրապարակած ցուցանիշները:
Տնտեսական անկյուն