Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Այս մասին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

 


Աղբյուրի հաղորդմամբ՝ հունվարի 20-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 108 հիվանդ, այդ թվում 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

 


Նշենք, որ հունվարի 19-ի դրությամբ վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով հիվանդանոցում բուժում ստացողների պատկերը հետևյալն էր. հանրապետության ստացիոնարներում բուժում ստացողների թիվը 112 էր, այդ թվում 47-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 67 հիվանդի մոտ ախտորոշված էր թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստացել 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատել:

 

Վրեժ Հովսեփյան