Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է ՓՄՁ-ների թիվը: Նախորդ տարեվերջի դրությամբ մեր երկրում առկա է 67 հազարից ավել ՓՄՁ:
Շատ կարևոր է, որ նման ոլորտը ունենա պետական աջակցություն: Հատկանշական է, որ նախորդ տարի ՓՄՁ-ների զարգացման և աջակցման համար պետական բյուջեից հատկացվել էր 152,300,000 դրամ:
Շատ կարևոր են երկարաժամկետում իրականացվող ծրագրերը: Դրանցից մեկը 2014—2020թթ. համար նախատեսված ծրագիրն է, որի նպատակն է, աջակցել ՓՄՁ-ներին շուկաների հասանելիության, ֆինանսական ռեսուրսների ապահովման, ձեռնարկատիրական կրթության, գործարար միջավայրի բարելավման, երիտասարդների և կանանց ձեռներեցության խթանման, ինչպես նաև մրցունակության զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ապահովման հարցերում:
Ոչ պակաս կարևոր է այն, որ այս տարի ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի շեմը բարձրացվել է երկու միլիոն դրամով: Եթե նախկինում այն 5 մլն դրամ էր, ապա այս տարվանից վարկի շեմը կհասնի 7 միլիոնի:
Ուշադրության կենտրոնում են նաև մարզերը, որտեղ էլ հենց անց է կացվում ծրագրերի զգալի հատվածը: Մասնավորապես, ՀՀ բոլոր մարզերում իրանացվել է «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագիրը, որին մասնակցել են 403 սկսնակ գործարարներ։ Արդյունքում, իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակներից ֆինանսական աջակցություն են ստացել և իրենց գործունեությունն են սկսել 176-ը։ Բացի դրանից ուսուցողական աջակցություն է ստացել 407 ձեռնարկատեր։
Արմեն Վարդանյան