Ներկայիս շուկայական տնտեսության պայմաններում ապրանքի մրցունակությունը որոշվում է բազմաթիվ գործոններով: Դրանցից մեկն ապրանքի գինն է, ինչը իր հերթին կախված է մի շարք գործոններից: Օրինակ դրա վրա մեծ ազդեցություն ունի արտադրության ընթացքում օգտագործվող էներգակիրների գները:
Իհարկե, այն գինը որոշող գործոններից միայն մեկն է, բայց արտադրողների համար դրա փոքր ինչ տատանումը առաջացնում է լուրջ խնդիրներ ապրանքի մրցունակությունը շուկայում ապահովելու համար: Թերևս սա էր պատճառը, որ կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ հանդիպել էին վարչապետի հետ: Նրանք ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ:

 


Իհարկե այս խնդիրը իր բնույթով նոր չէ, և գործադիրն արդեն միջոցներ է ձեռք առնում դրա լուծման ճանապարհներ գտնելու համար: Խնդիրը քննարկելիս, անթույլատրելի համարելով գեթ մեկ աշխատատեղի կրճատումը, վարչապետը նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները արդեն դիմել են ՌԴ իշխանություններին և հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը' ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
Սպասենք արդյուքներին:

 

Արմեն Վարդանյան